Ռազմինֆո-ն պատրաստել է զեկույցներ, որոնք վերաբերում են 2013 թվականին Հայկական զինված ուժերի և ադրբեջանական զինուժի կորուստներին:

 

Ներկայացնում ենք՝

 

Հայաստանի (ներառյալ Արցախի ՊԲ) զինված ուժերի կորուստները'

 

Հայկական բանակը 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ունեցել է 30 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։


տարբերանշան

 

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների' «մարտական» և «ոչ մարտական»:

 

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

 

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։


Աղբյուրներ

 

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։


Կորուստներ

 

2013 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 30 զոհից 7-ը մարտական են. 6 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, մեկ զինծառայող՝ ականի պայթյունից ՀՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական խնդիր իրականացնելիս։

 

Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 5 սպանություն և 6 ինքնասպանություն, ևս 5 զինծառայող զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ 3 հոգի մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, հոսանքահարումից մահացել է 1 զինծառայող, զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով էլ զոհվել է 3 զինծառայող։

 

Վիրավորներ

 

2013 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 16 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնվում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։

 

2012 թվականի կորուստները

 

Անցյալ տարի հայկական ԶՈւ կորուստները 52-ն էին։ Նախորդ տարի կորուստների առյուծի բաժինը գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման (14 հոգի, որից 7-ը Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք) և ճանապարհատրանսպորտային միջադեպերի (14 հոգի) պատճառով: Շատ էին նաև ինքնասպանությունների (ըստ պաշտոնական վարկածի՝ 10 հոգի) ու առողջական խնդիրների (7 հոգի) պատճառով գրանցված մահերը: 2012 թվականին եղել են նաև զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ (2 հոգի) և այլ պատահարներ (3 հոգի)։ Գրանցվել է նաև 2 սպանություն։

 

2011–13 թվականներին կորուստների համեմատություն

 

 

Ադրբեջանական ռազմական ոլորտի կորուստները՝

 

Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կորուստները այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը ժամանակահատվածում։

 

Կորուստները ներկայացնում ենք «մարտական» («հայկական գնդակից», ինչպես նաև Իրանի հետ սահմանային միջադեպի զոհեր) և «ոչ մարտական» բաժանումով։ Այս տարի Ադրբեջանում ականների պայթյուններից անվերադարձ կորուստների մասին չի հայտարարվել, բայց կան վիրավորներ, որոնց կարելի է դասել «մարտականների» շարքում, քանի որ միջադեպերն առաջնագծի մոտ են եղել։

 

Ոչ մարտական կորուստներ են դժբախտ պատահարների (ներառյալ ավտո- և ավիավթարների), ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով սպանությունների և ինքնասպանությունների, հիվանդությունների, արտակարգ իրավիճակների հետևանքով գրանցված զոհերը։


Աղբյուրներ

 

Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցները, ինչպես նաև այդ թեմայով Panorama.am լրատվական կայքի նյութերը։

 

Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական տվյալներին պետք է վերապահությամբ մոտենալ, քանի որ հայտնի են դեպքեր, երբ հետմահու պարգևատրել են զինծառայողների, որոնք մինչ այդ մամուլում ներկայացված են եղել որպես ոչ մարտական կորուստներ։ Այսպես, 2012-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել էր շարքային Փարվին Նաիգ օղլու Ասքերովին «Զինվորական վաստակի համար» մեդալով, թեպետ մինչ այդ մամուլում այդ դեպքը ներկայացվել էր որպես ավտովթար։ Այսինքն՝ Բաքուն կամ կոծկում է մարտական կորուստը, կամ պարգևատրում է ավտովթարից սպանվածի. առաջին վարկածն այս դեպքում, ենթադրում ենք, ավելի հավանական է։

 

Բացի այդ, այս կամ այն դժբախտ պատահարի պատճառով վիրավորված զինծառայողների մասին թե´ պաշտոնական աղբյուրներից, թե´ ադրբեջանական մամուլում հաճախ հայտնի է դառնում միայն, երբ տուծաժը մահանում է։ Օրինակ՝ Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ումուդով Էլշադ Մուսլիմ օղլուի մահվան մասին հաղորդվել էր միայն հոկտեմբերի 17-ին, մինչդեռ վերջինս ծանր վնասվածքներ էր ստացել դեռևս հոկտեմբերի 7-ին, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ՃՏՊ-ի հետևանքով, ինչի մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռել էր։

 

Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողների մահվան պատճառները կոծկելու փաստեր են վերհանվել նաև վերջին օրերին։ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը հաստատում է, որ ընթացիկ տարում առնվազն 5 զինծառայող մահացել է բռնության պատճառով, մինչդեռ այդ դեպքերը նախկինում պաշտոնապես նշվել են որպես առողջական խնդիրների պատճառով կորուստներ կամ ինքնասպանություններ։

 

Ինչ վերաբերում է «Դոկտրինա» կենտրոնին, ապա չնայած վերջինս ադրբեջանական կորուստների վերաբերյալ ներկա դրությամբ մեզ հասանելի հիմնական աղբյուրն է, այդ կազմակերպության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում։ Օրինակ՝ կազմակերպության ղեկավարն է ոմն Ջասուր Սումերինլին, որի անձի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրա խոսքերով՝ կենտրոնը կորուստների մասին զեկույցներ է կազմում 2003-ից, սակայն համացանցում մեզ չհաջողվեց կազմակերպության մասին 2011-ից վաղ որևէ հիշատակում գտնել։

 

Վերջին շրջանում «Դոկտրինան» կորուստների վերաբերյալ ամսական զեկույցներ է տալիս, որոնք հիմնականում հրապարակվում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքերում։ Սակայն զեկույցները «Թուրանում» ներկայացվում են ամփոփ, միայն թվերով՝ առանց միջադեպերի մանրամասների, սպանվածների անունների և անձնական տվյալների։ Փոխարենն այս տարի անուններով և անձնական տվյալներով տարեկան ամփոփման տեսքով զեկույց է հրապարակվել ադրբեջանական «Զերկալո» պարբերականում:

 

Հաստատված և չհաստատված կորուստների խնդիրը

 

2013-ին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում, համաձայն Ադրբեջանի էլեկտրոնային մամուլի մշտադիտարկման, գրանցվել է 84զոհ։ Ադրբեջանական կողմի բնորոշմամբ դրանցից 11-ը «մարտական» են, իսկ 73-ը՝ «ոչ մարտական»:

 

Հաստատված ենք համարում այն կորուստները, որոնց մասին հայտնվել է պաշտոնական հաղորդագրությամբ կամ էլ լրատվամիջոցների հետ ՊՆ մամուլի ծառայության զրույցներում։ Ըստ այդմ, նշված 84 կորուստներից պաշտոնապես չեն հաստատվել 32-ը։

 

Ուշագրավ է, որ ՊՆ-ի չհաստատած կորուստների մեծամասնությունը ժամանակահատվածով համընկնում է պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման մեկնարկի հետ։ Հոկտեմբերի 24-ից կադրային կտրուկ փոփոխությունների արդյունքում պաշտոնից հեռացվեցին նաև մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ու վերջինիս տեղակալ Թեյմուր Աբդուլաևը։ Ադրբեջանում լրագրողները սկսեցին դժգոհել, որ ՊՆ-ից բավականին հաճախ հրաժարվում են մեկնաբանություններ տալ կամ զանգերին առհասարակ չեն պատասխանում։ Իհարկե, Սաբիրօղլուին դժվար է անվանել լրագրողների հետ թափանցիկ աշխատող խոսնակ, քանի որ նրա օրոք էլ ՊՆ մամուլի ծառայության աշխատանքից դժգոհությունները քիչ չէին։

 

Այնուհանդերձ, ակնհայտ է՝ Զաքիր Հասանովի պաշտոնավարումից հետո Ադրբեջանի ՊՆ-ից զոհերի և միջադեպերի վերաբերյալ հայտարարությունները գրեթե դադարել են։ Օրինակ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվակայքերում կորուստների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։

2013 թվականի կորուստների վերլուծություն

 

Ըստ ադրբեջանական մամուլի և ՊՆ տվյալների՝ 73 ոչ մարտական զոհերից 10 զինծառայող ինքնասպանություն է գործել, 16-ը մահացել է հիվանդություններից (քաղցկեղ, լեյկոզ, ուղեղի ուռուցք, սրտի անբավարարություն և այլն), 15-ը՝ ավտովթարի, 3-ը՝ ավիավթարի (Մի-17 բեռնատար ուղղաթիռի կործանում) պատճառով:

 

Ոչ մարտական կորուստներից 6-ը բաժին է ընկնում զենքի հետ անզգույշ վարվելու, 6-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ծառայակցի դանակահարության, 1-ը՝ ծառայակիցների ծեծի, 1-ը՝ քաղաքացիական անձի հետ վեճի դեպքերին: 8-ը դժբախտ պատահարների զոհ են, որոնցից 1-ը՝ հրդեհի, 1-ը՝ գազից թունավորման, 2-ը՝ էլեկտրահարության, 3-ը՝ ջրահեղձության, 1-ը՝ տանկի կողաթեքվելու դեպքեր են: 6 զինծառայողների մահվան պատճառներն անհայտ են:

 

Ըստ զինվորական կոչումների՝ զոհված զինծառայողների շարքում 8-ը ենթասպաներ են, 4-ը՝ լեյտենանտներ, 3-ը՝ ավագ լեյտենանտներ, 1-ը՝ փոխգնդապետ, 2-ը՝ կապիտան, 2-ը՝ կուրսանտ, 1-ը՝ նավաստի, 1-ը՝ սպա, որի զինվորական կոչումը չի նշվում։ Կոչումների առումով ցանկն ամբողջական չէ, քանի որ շատ դեպքերում թե´ադրբեջանական մամուլը, թե´ ՊՆ մամուլի ծառայությունը զոհված զինծառայողի կոչումը կամ պաշտոնը չեն նշում։

 

Վիրավորներ/անհայտ կորածներ

 

Անցնող տարում Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում, համաձայն ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդած տվյալների, գրանցվել է 87 վիրավոր, որից 9-ը, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, «հայկական գնդակից», 3-ը՝ ականների պայթյունից։ «Դոկտրինայի» հաղորդմամբ՝ վիրավորների թիվն 96 է, սակայն կենտրոնը չի ներկայացրել վիրավորների անձնական տվյալներն ու այլ մանրամասներ:

 

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Զեյնալով Նուրլան Վիդադի օղլուն անհայտ կորած է հայտարարվել։ Զինծառայողն արձակուրդի ընթացքում՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է եկել տանից ու չի վերադարձել։ Մինչ օրս զինծառայողի հայտնաբերման լուրեր Ադբեջանի էլեկտրոնային լրատվամիջոցներում չկան։

 

«Դոկտրինայի» զեկույցի հետ զուգահեռներ

 

Նկատենք, որ ըստ «Դոկտրինայի» 2013-ի ամսական ամփոփումներից հավաքագրված տվյալների՝ Ադրբեջանն անցնող տարում ունի 79 կորուստ, 96 վիրավոր։ Ճիշտ է, Ջասուր Սումերինլին իր ասուլիսներում պարբերաբար նշում է, որ իրենց զեկույցները կազմվում են ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքում, սակայն ենթադրում ենք, որ կենտրոնն այլ աղբյուրներ ևս ունի։

 

Այսպես, «Դոկտրինա»-ի 2013-ի զեկույցում նշվում է ԱԻՆ-ի զոհված 2 աշխատակիցների մասին, որոնց վերաբերյալ էլեկտրոնային մամուլում տվյալներ չկան։ Ընդ որում, կորուստներից մեկը հունվար ամսվա 6 ոչ մարտական զոհերից է եղել՝ դատելով ամսական զեկույցից, իսկ մյուսը՝ մայիս-հուլիսին, Նախիջևանի ԱԻՆ-ից:

 

«Դոկտրինան» արդեն իսկ տարվա ավարտին ներկայացված զեկույցում նշում է զոհված ԱԻՆ աշխատակիցներից մեկի անունը՝ Ռուսլան Գուլիև, ով հուլիսի 3-ին ավտովթարի է ենթարկվել ու զոհվել, սակայն պաշտոնական հաստատում չկա:

 

Նշենք, որ «Դոկտրինայի» տարեկան զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԻՆ-ը գրանցել է ևս մեկ զոհ. ԱԻՆ մամուլի ծառայության հաստատմամբ՝ հրշեջ ծառայության աշխատակից Զաուր Էյվազովը մահացել է հրդեհը մարելիս, ուստի կորուստն ընդգրկված չէ «Դոկտրինայի» ներկայացրած 79 զոհերի ցուցակում։

 

Նշենք, որ Ռազմինֆոն ԱԻՆ 3 կորուստներն Ադրբեջանի այս տարվա զոհերի շարքում չի ներառել։

 

«Դոկտրինան» որպես մարտական կորուստ է ներկայացրել Իրանի հետ սահմանի Լերիքի շրջանում սահմանային միջադեպի հետևանքով զոհված, պետական սահմանապահ ծառայության մայոր Մաքսուդ Նագիևին, որի մահվան լուրն իրանական կողմը չի հաստատել:

 

Կենտրոնը ոչ մարտական կորուստների շարքում ընդգրկել է բարձրաստիճան զինվորականների մահվան 2 դեպք:

 

Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Ռամիզ Մամեդովը մեկ շաբաթ առաջ ուղեղի կաթված տանելուց ու հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր:

 

Նոյեմբերի 22-ին սրտամկանի ինֆարկտից մահացել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի տեղակալը՝ ԶՈւ գեներալ-մայոր Մուհամմեդ Աբբասգուլիևը։

 

Բացի այդ, 2013-ի նոյեմբերի 3-ին, ներկայացնելով հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցված կորուստները, «Դոկտրինան» փաստում է՝ եղել է 76 կորուստ, 66-ը՝ ոչ մարտական, իսկ դեկտեմբերի 2-ին կենտրոնը տեղեկացնում է՝ տարվա սկզբից մինչ դեկտեմբերի սկիզբը գրանցվել է 77 կորուստ, որից 67-ը՝ մարտական։

 

Համեմատելով թվերը՝ տեսնում ենք, որ ոչ մարտական զոհերի ցուցակում նախորդ ամսվա «հիվանդությունից մահացած 11 հոգին» դարձել է «12 հոգի»։ Փաստորեն, նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է առնվազն 1 կորուստ հիվանդության պատճառով, սակայն ադրբեջանական լրատվակայքերի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներ չեն հայտարարվել, գրանցվել է 7 վիրավոր և տուժած։ Այսինքն՝ հիվանդությունից մահացած ադրբեջանցի զինծառայողի մասին ադրբեջանական ՊՆ-ն ու մամուլը չեն հաղորդել։

 

Հարկ է նշել, որ մայիսի 3-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության այդ ժամանակվա ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր՝ մինչ այդ պահն Ադրբեջանում «հայկական գնդակից» զոհվել է 7 զինծառայող, մինչդեռ նույն ժամանակահատվածում ադրբեջանական մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ «թշնամու գնդակից» զոհվել են միայն 5 զինծառայող: «Դոկտրինան» հայտարարել է, որ իրեն ևս հայտնի չեն մնացյալ 2-ի անունները, ուստի զեկույցում դրանք ընդգրկված չեն։

 

Այնուամենայնիվ, որոշ վերապահությամբ ներառել ենք Սաբիրօղլուի հայտարարած 7 կորուստներն էլ՝ դիտարկելով որպես պաշտոնական հայտարարություն։ Բայց հարկ ենք համարում շեշտել, որ չի բացառվում՝ այդ 2 անհայտ զոհերն իրականում լինեն գրանցված ոչ մարտական կորուստների շարքում։


Կասկածելի մահեր

 

• 2013-ի սկզբին՝ հունվարի 7-ին, 1994-ին ծնված զինծառայող Ջեյհուն Զաման օղլու Գուբադովը, որը զորակոչվել էր 2012-ի հոկտեմբերին, պաշտոնական վարկածով մահացել է սրտի կաթվածից, սակայն ադրբեջանական մամուլում հայտնվել էին զինծառայողի դիի լուսանկարները՝ կապտուկների և վնասվածքերի հետքերով։ Զինծառայողի մահվան դեպքը քննարկումների առիթ էր տվել սոցցանցերում, որոնք հունվարի 12-ին վերաճել էին ոչ մարտական կորուստների մեծ թվի դեմ ուղղված բողոքի ցույցի։

 

• Փետրվարի 11-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 բեռնատար ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը, որի հետևանքով օդաչուն և 2 մեխանիկները զոհված են համարվում: Հայտնաբերել են միայն մեխանիկներից մեկի դին: Մինչ օրս ուղղաթիռի վթարի պատճառի մասին հայտարարություն չի եղել:

 

• Նախիջևանում փետրվարի 15-ին զորավարժության ժամանակ տանկն ընկել է կիրճը։ Տանկը կառավարող պայմանագրային զինծառայող Մուշվիգ Հազանֆար օղլու Բեյլյարովը չի կարողացել դուրս գալ տանկից ու մահացել է։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել իրավիճակը, անհայտ են տանկի վթարի պատճառները։

 

• Մարտի 2-ին Ադրբեջանի գլխավոր կլինիկական հոսպիտալում ադրբեջանական լրատվակայքերի հայտնած նախնական տեղեկություններով հեպատիտից մահացել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռահիլ Ամիքիշիևը։ ՊՆ-ն մինչ օրս մահվան պաշտոնական վարկած չի ներկայացրել։

 

• Մարտի 24-ին պետական պահպանության հատուկ ծառայության զինծառայող, 19-ամյա Մամեդով Մամեդաղա Նովրուզ օղլուին կախված են գտել ուղղաթիռների օդանավակայանի տարածքում: Ադրբեջանի ՊՆ-ն չի արձագանքել միջադեպին: Պատճառներն անհայտ են:

 

• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի' 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը՝ որպես պատճառ նշելով զենքի հետ անզգույշ վարմունքը: Ադրբեջանական մումուլում տարածվել էր զինծառայողի վերջին սոցցանցային գրառումը, որտեղ նա դժգոհել էր պետությունից:

• Սեպտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ հոսպիտալի բժիշկ, ՆԶ կապիտան Ադիլ Գուլիևը մահացել է «ինչ-որ հիվանդությունից»: Միջադեպի մանրամասներն անհայտ են, ՆԶ-ից չեն մեկնաբանել։

 

Նախորդ տարիների հետ համեմատություն

 

2010-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություններում գրանցվել էր 71 զոհ, 2011-ին՝ 95, որից մարտականը՝ 19, 2012-ին՝ 97 (ըստ «Դոկտրինայի»), 99-ը (ըստ Panorama.am-ի), որից մարտականը՝ 16 (13-ը՝ հրադադարի խախտում, 3-ը՝ ականի պայթյուն): 2012-ի ոչ մարտական կորուստների շարքում 22-ը ծառայակիցների արձակած կրակի ու դանակահարության, 19-ը՝ ինքնասպանության, 16-ը՝ ավտովթարների, 14-ը՝ հիվանդության, 5-ը՝ տարբեր արտակարգ իրավիճակների զոհեր են, 5-ը՝ անհայտ:

 

Ստացվում է՝ 2012-ի համեմատ Ադրբեջանում կորուստների ընդհանուր քանակը նվազել է 13.4 %-ով, մարտական կորուստները՝ 31.3 %-ով, ինքնասպանություններինը՝ 47.4%-ով, սպանություններինը՝ 59.1 %-ով, ավտովթարներինը՝ 6.4%-ով, հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թիվն աճել է 14.3 %-ով: