Լեռնային Ղարաբաղի դատախազությունը այսօր հաղորդել է Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, անցած տարվա ընտրություններում Ղարաբաղի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի մասին:
«2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 21:10-ին, Վիտալի Բալասանյանը (ծնված 1959 թ., բնակվում է' ք. Ասկերան, փողոց Ե. Դանիելյան, տուն 25, ԼՂՀ ԱԺ պատգամավոր) բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել:

 

ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով», - ասված է Ղարաբաղի դատախազության հաղորդագրությունում:

 

Փաստի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' Ղարաբաղի քրեական օրենսգրքի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ», և 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», տարվում է նախաքննություն, փոխանցում է Ղարաբաղի դատախազությունը: