Քաոսը որպես զարգացման միջոց

 

Քաոսի մասին խոսում են վաղուց, եւ այդպես էլ չհասկացվեց այդ բանավեճի մեկնարկը եւ տրամաբանությունը, եւ ընդհանրապես՝ կա՞այն, թե ոչ: Սակայն քաոսն ավելի ու ավելի շատ է ուշադրություն գրավում, եւ մեկնաբանների գլխավոր սխալը հնարավոր է այն է, որ քաոսը սկսել է դիտարկվել որպես գլոբալ մասշտաբներով տնտեսական դժվարությունների ուղեկցող եւ զուգահեռ պարադիգմ:
Կարելի է նկատել, որ ամեն ինչ հակառակն է՝ տնտեսական խնդիրները դարձել են քաոսի հետեւանք, եւ նախ պետք է հասկանալ, թե ինչ է քաոսը, ինչ է ենթադրվում դրա տակ: Ընդ որում, լավ հայտնի կիբեռնետիկական չափանիշներով հնարավոր չէ որեւէ բան հասկանալ:

 

Աշխարհում կառավարելիության եւ կարգի դեֆիցիտը հետեւանք է մարդու կենսագործունեության մեջ այլ, առավել կարեւոր ու արմատական բանի: Սոցիալական գիտություններում (ավելի ճիշտ, սոցիալական այլընտրանքային գիտություններում) «պատճառների» մասին ընդունված է հետեւյալ մոտեցումը. Եթե հնարավոր չէ կանգ առնել այս կամ այն երեւույթի կամ գործընթացի քիչ թե շատ ընդունելի «պատճառների» վրա, լիովին թույլատրելի է ինչ որ հիպոթեզի ընդունումը, առանձնապես հոգ չտանելով տրամաբանության անթերիության հարցում: Գլխավորն այն է, որ ինչ որ ձեւով նկարագրված է երեւույթը, եւ կարեւոր չէ, թե ինչն է «պատճառը»: Եւ ընդհանրապես, «պատճառը» ընդամենը կասկածելի կատեգորիա է:

 

Ըստ էության, որեւէ առանձնահատուկ բան տեղի չի ունենում, պարզապես մեծանում է էնտրոպիան, թեեւ նախորդ դարաշրջաններում ենթադրվում էր, որ մարդկությունը կհաղթահարի այն:
Ինչո՞ւ է աշխարհը փոխվել եւ դարձել նվազ կառավարելի: Ընդունենք վարկածը, որ մարդկային հանրությունում առաջացել են սոցիալական նոր խմբեր, որոնք ունեն լիովին նոր հատկանիշներ ու բնույթ: Դեռեւս 50-60-ական թվականներին մշակվել են «տեխնոկառույցի», «պոստինդուստրիալ», այնուհետեւ «պոստտնտեսական» հասարակության ընկալման հիմքերը: Հնարավոր է մարդկությունն արդեն թեւակոխել է «պոստտնտեսական» դարաշրջան, եթե նույնիսկ նման հասարակությունը վերաբերում է բնակչության 1-5 տոկոսին, որն էլ որոշում է քաղաքականությունը եւ հանրային ոճաբանությունը:

 

Սակայն, համաշխարհային դինամիկան բավական բարձր է, եւ ըստ ամենայնի արդեն առաջացել է «պոստտեղեկատվական» հասարակությունը, որը չի զգում ոչ պետության, ոչ հասարակական ինստիտուտների, ոչ էլ ստանդարտացված բարոյականության կարիքը: Հասարակության նման վիճակի մասին դեռեւս 19-րդ դարի կեսերին խոսում էին անարխիզմի ապոլոգետները: Պատահական չէ, որ անարխիզմը վերակենդանացել է համաշխարհային մասշտաբով, եւ որ ամենահետաքրքիրն է՝ անարխիզմը ձեռք է բերում աջ ձեւեր, հարվածներ հասցնելով գլոբալ «ձախ նախագծին»: Ի դեպ, դա արդեն իսկ խոսում է կառավարելիության փորձերի մասին:
Սակայն այս թեմայով դատողություններ անելու համար պետք է շատ լավ իմանալ խնդրո առարկան: Ամեն դեպքում, պարզ է, որ աշխարհում կան հզոր ուժեր, որոնք շահագրգռված են վատ կառավարելիության եւ քաոսի մեջ: Ինչո՞ւ: Միջազգային ներկայիս գաղափարական, իրավական ու ֆինանսատնտեսական ձեւաչափը հնարավորություն չի տալիս հետագայում էլ անհրաժեշտ արդյունավետությամբ զբաղվել տնտեսական գործունեությամբ: Ձեռնարկատիրությունն աստիճանաբար տրանսֆորմացվում է կապիտալիզմի միակ՝ կապիտալի ոչ թե բազմապատկման, այլ պահպանման նպատակով:

 

Այնուամենայնիվ, ո՞րն է քաոսի առավել հիմնարար պատճառը, եւ այն լինո՞ւմ է արդյոք ավելի արմատական: Ըստ ամենայնի, տեղի է ունեցել բախում գաղափարների ու հայեցակարգերի պրոֆիցիտի հետ: Ո՞վ է մեղավոր: Ինֆորմատիկա՞ն: Դասականությունն ասում է, որ ներկայիս կարեւորագույն հակասությունը տեղեկատվության ավելցուկն է: Հնարավոր է, սակայն ավելի շուտ այն է, ինչը հնարավոր չէ սահմանափակել՝ կրթության չափազանց լայն տարածումը եւ միջին դասի ընդլայնումը:

 

Տեղի է ունենում ճակատանարտ միջին դասի ու օլիգարխիկ խմբերի միջեւ: Այսինքն, «ձախ եւ աջ նախագծեր» սխեմայով ճակատամարտը տեղի է ունենում այլ ձեւաչափով, սակայն տեղի է ունենում: Ներկայիս ժամանակահատվածում ինչ որ մեկը ստիպված է զիջել ի դեմս ավելի ահեղ վտանգի, այսինքն՝ քաղաքակրթությունների պայքարի, ինչը կարծես թե տեղի չունեցավ, իսկ գուցե պարզապես ուշանում է կամ ստանում անճանաչելի ձեւեր:
Քաղաքական ու տնտեսական գրականության մեջ արդեն ակնարկվում է, որ կարելի է Եվրասիայի կամ նրա մի մասի համար վերահսկելի պատասխանատվությունը գցել չինացիների վրա: Վարկածը բավական ռիսկային է, սակայն՝ լիովին իրականացնելի, եթե նկատի առնենք, որ Չինաստանի դարավոր զարգացման տրենդները լավ հաշվարկված են եւ մտահոգություններ չեն առաջացնում:

 

Սակայն ո՞րն է Չինաստանի դերը տվյալ հայեցակարգում: Չինաստանի դերը գլոբալ ռիսկերի ու սպառնալիքների կլանումն է, որի միջոցով հնարավոր է թուլացնել նրան, հարկադրելով նյութական ահռելի ծախսերի: Ընդ որում, ենթադրվում է խնդիրների, եւ ոչ թե գործառույթների կլանումը, որոնք կմնան ներկայիս կամ քիչ ինչ այլ դիվերսիֆիկացված ռեժիմով:

 

Ներկայում թերեւս նպատակահարմար չէ թվարկել հեռանկարների հետ կապված բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը: Ավելի կարեւոր է հասկանալ, թե որ ուղղություններով է ենթադրվում Չինաստանի էքսպանսիան: Իհարկե, տարածքը, որպես «կլանման» ռեսուրս, այլ ուղղությունների կողքին, դառնալու է Ռուսաստանը: Ոչ հիպոթետիկ Եվրասիան, ոչ էլ ծայրամասային գոտիները, ինչպիսին է Կենտրոնական Ասիան, այլ հենց Ռուսաստանը:
Այսպիսով, նոր ժամանակների հակասությունը կլուծի «նոր աշխարհքաղաքականությունը»:

 

Երբեմն թվում է, որ ահա, վերջապես անգլո-սաքսոնական աշխարհը պարտվեց, եւ մոտենում է նրա հնարավորությունների ու ռեսուրսների ավարտը: Սակայն ժամանակն անցնում է, եւ անգլո-սաքսերը կրկին վերադառնում են հին, գրեթե արխայիկ գաղափարներին ու ծրագրերին, ընդ որում՝ զարմանալի կրկնողությամբ, հենց արխայիկ ձեւով: Վերակենդանացվում են նույնիսկ երաժշտական ոճերն ու արվեստի այս կամ այն ձեւերի մոդան: Հոլիվուդը քարոզում է նոր բարոյականություն եւ հումանիզմի նոր սկզբունքներ, որոնք հիմնված են հին ու թվում է մոռացված պուրիտանական սկզբունքների վրա: Ամերիկյան ժամանակակից գեղարվեստական գրականությունն արդեն չի հետաքրքրվում Հեմինգուեյի կամ Ֆոլքների էսթետիկայով, եւ ավելի ու ավելի հիմնավոր են զգացվում Դրայզերի ոճն ու գաղափարները: Մինչեւ պուրիտանություն դեռ հեռու է, սակայն ամեն ինչ առջեւում է: Իսկ ի՞նչ է հին-նոր արվեստը՝ դա նոր կարգի գաղափարախոսությունն է:

 

Վերափոխելով հայտնի արտահայտությունը՝ «Էնտրոպիան աճում է, եւ վայ նրան, ով էնտրոպիան կրում է իր մեջ»: 

 

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ