Ուկրաինական թեման բավական նուրբ պատճառներով անհարմար է դարձել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ինչ որ առումով Արեւմուտքի համար: Ինչո՞ւ:

 

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, արդեն ոչ մի առնչություն չունի «նարնջագույնի» հետ. նարնջագույն հեղափոխությունները վաղուց անցյալում են: Ուկրաինայում տեղի է ունենում ազգայնական հեղափոխություն՝ որպես ազգային-ազատագրական պայքարի ձեւ, ընդ որում՝ բավական որոշակի նպատակներով եւ բովանդակությամբ: Դա ուկրաինական ժողովրդի պայքարն է Ռուսաստանի հետ եւ սպառնում է տրանսֆորմացվել ավելի վտանգավոր երեւույթի, այսինքն՝ պայքար ռուսների դեմ:

 

Ժամանակին, «պերեստրոյկայի» սկզբում, երբ Ուկրաինայում բարձրացավ ուկրաինական ազգայնականության ալիքը, երկրի ավանդաբար ռուսալեզու մի շարք քաղաքներում ուկրաինացիների դեմ պրո-ռուսական խմբերն այսպիսի կարգախոս պարզեցին՝ «գերմանացիներին քշեցինք մինչեւ Բեռլին, ձեզ էլ կքշենք մինչեւ Սախալին»: Այն ժամանակ Ուկրաինայում 12,5 միլիոն ռուս կար, ներկայում մնացել է 8 միլիոնից ոչ ավելի, եւ երբ խոսում են Ուկրաինայից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի մասին, պետք է հիշեցնել, որ խոսքը ռուսների մասին է:
Ուկրաինայի արեւմտյան մարզերը Կիեւի համար ավելի ու ավելի անվերահսկելի են դառնում: Ազգայնական բնույթի տարբեր կազմակերպությունները ստեղծում են զինված խմբեր, ընդ որում՝ հետեւողական ու կազմակերպված ձեւով: Հնարավոր է, շուտով կպարզվի, որ Ուկրաինայում միակ բանակը «ուկրաինական ազգային բանակն է», որի ուրվագծերն արդեն երեւում են:

 

Լվովի քաղաքապետը հայտարարել է, որ եթե ուկրաինական ղեկավարությունը շարունակի Ուկրաինայի գաղութացման գործընթացը, ինքը էլ չի ենթարկվի Կիեւին: Լվովում հնարավոր է կառաջանա Ուկրաինայի իշխանության երկրորդ կենտրոնը: Թեեւ, Ուկրաինայի արեւմուտքը սկսում է արդեն ոչ թե Կիեւից, այլ ձախափնյակից:

 

Ուկրաինայում հասունանում է քաղաքացիական պատերազմ, ավելի ճիշտ ուկրաինացիների պատերազմը ռուսների դեմ: Եթե դա տեղի ունենա, միլիոնավոր ռուս փախստականներ կշարժվեն դեպի Ռուսաստան: Կիեւի Մայդանում նրանց անվանում են «Պուտինի հյուրեր»: Ենթադրվում է, որ բախման հիմնական ասպարեզ են դառնալու Դնեպրոպետրովսկի, Խարկովի եւ Ղրիմի մարզերը: Ռուսաստանի ԶԼՄ-ները կեղտոտ հնարքներ են կիրառում՝ բացահայտ կեղծիքներով ու մատնագրերով, որի արդյունքում միայն մեծացնում են ուկրաինացիների ազգային զգացմունքները:

 

Եվրոպան այնքան էլ մտահոգ չէ այդ միտումից, քանի որ պարզ չեն հետեւանքները: Լեհաստանում կոչեր են հնչում կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին: Արեւմուտքի շատ գործիչների ձեռնտու է իրադարձությունների ցանկացած զարգացում, քանի որ նրանք վստահ են, որ ամեն դեպքում հետեւանքները ստիպված է լինելու «ուտել» Ռուսաստանը:
Մոսկվայում առայժմ վստահ են, որ ուկրաինական իրավիճակը կմարի, եւ նույնիսկ սպասվում է Պուտինի այցը Կիեւ սպիտակ ձիու վրա (ինչպես եղավ Երեւանում): Սակայն Ուկրաինան դարձել է Եվրոպայի «լոկոմոտիվը», եւ իրավիճակը կարող է լիովին նմանվել հարավսլավականին:

 

Ներկայում արդեն ոչ ոքի չի հուզում այդ իրադարձությունների գույնը: Հետաքրքրում է այն, թե երբ է սկսելու Ռուսաստանի հետ բախումների նոր ալիքը: 

 

 

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ