Ֆրանսիան հրաժարվել է Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը ժամանակավորապես տրամադրել Իտալիային, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն' իտալական La Stampa պարբերականին հղումով:

 

Ֆրանսիայի մշակույթի փոխնախարար Վինսենթ Բերժոն Իտալիայի պատմամշակութային ժառանգության պահպանության ազգային կոմիտեի ղեկավար Սիլվանո Վինչետիին գրած պատասխան նամակում նշել է, որ կտավի տեղափոխումը կապված է բազմաթիվ տեխնիկական դժվարությունների հետ:

 

Բացի այդ, Բերժոն հավելել է, որ դա Վինչիի կտավն անմիջական կապ ունի Լուվրի համաշխարհային ճանաչվածության հետ, և ամեն տարի Ֆրանսիայի թանգարան այցելող մոտ 8 մլն այցելուները չեն ընդունի «Մոնա Լիզայի» բացակայությունը:

 

Պրոֆեսոր Սիլվանո Վինչետին 2013-ի սեպտեմբերին խնդրել էր Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն ու Լուվրի ղեկավարությանը մեկ ամսով իրենց տրամադրել դա Վինչիի կտավը: Իտալացիները ցանկանում էին 2013-ի դեկտեմբերին «Մոնա Լիզայի» ցուցադրությունն անցկացնել նրա հայրենի Ֆլորենցիայում, քանի որ լրանում էր այդտեղ կտավի վերջին ցուցադրության 100-ամյակը: