Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեն ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ամանորյա ելույթը, որում նա խոստացել է բարելավել հարաբերությունները Հյուսիսի և Հարավի հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Renhap լրատվական գործակալությանը:

 

Պակ Կին Հեն առաջարկել է կազմակերպել ընտանիքների հանդիպում, որոնք բաժանվել են 1950-1953թթ.՝ Կորեական պատերազմի պատճառով: Այս մասին նա հայտնել է 2014թ.-ին կազմակերպված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Ըստ Պակ Կին Հենի՝ ընտանիքների հանդիպում կարող է կազմակերպվել 2014թ. հունվարին, ինչը կնպաստի նաև միջկորեական հարաբերությունների բարելավմանը:

 

«Հուսով եմ, որ ընտանիքների հանդիպումները, որոնց վերամիավորմանը սպասել են 60 տարի, Ամանորի նախօրեին շատ հետաքրքիր նվեր կլինի և կբուժի նրանց վիրավոր հոգիները», -ասել է Պակ Կին Հեն:

 

Նոր տարին, լուսնային օրացույցով, կտոնեն 2014թ.-ի հունվար 31-ին:

 

Նախագահը հայտարարել է նաև հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ ցանկացած ժամանակ հանդիպելու պատրաստակամության մասին: Պակ Կին Հեն երկու Կորեաներին միավորվելու կոչ է արել և ընդգծել հյուսիսկորեական միջուկային ծրագրերի վերացման կարևորությունը: