Ղարաբաղյան հակամարտության անհետ կորածների ցանկում 4 հազարից ավելի անուն է գրանցված: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը:

 

«Մենք ակտիվորեն աշխատում ենք անհետ կորածների ընտանիքների հետ: Այդ ուղղությամբ ծրագրերում ներառված հոգեբանա-սոցիալական օգնությունը, այսինքն հարցեր՝ կապված իրավական խնդիրների, առողջության հետ, նաեւ սոցիալական հարցեր: Մենք սերտորեն աշխատում են Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի, հայկական Կարմիր Խաչի եւ տեղական ՀԿ-ների հետ»,- ասել է պատվիրակության ղեկավարը:

 

Նրա խոսքով, ծրագրի կարեւոր բաղկացուցիչ է հարցը, թե իրականում ինչ է կատարվել անհետ կորածի հետ: «Հայկական Կարմիր Խաչի հետ մենք կենսաբանական տվյալների բազայի ստեղծման նախագիծ ենք սկսում: Դա լինելու է աշխատանք հարազատների հետ: Զուգահեռ մենք տեղեկություններ ենք հավաքելու հակամարտության ընթացքում պայթուցիկ սարքերից եւ հակահետեւակային ականներից զոհվածների մասին»,- նշել է Սարա Էպրեխտը: