2013թ.-ին մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Հայաստանում բնապահպանական քաղաքականություն չի վարվում, որովհետև, ըստ էրության, Բնապահպանության նախարարությունը ոչ թե բնապահպանական խնդիրները լուծելու համար է ստեղծվել, այլ հանդս է գալիս որպես բիզնես-պատվերներ հաստատող մարմին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը՝ ամփոփելով անցած տարին:

 

«Մեղավոր է համակարգը, վերևից որոշվում է, որ ինչ-ինչ նախագծեր պետք է իրականացվեն, որը կվնասի բնապահպանությանը, նախարարությունն էլ հաստատում է: Նախարարությանն այդքան լիազորություններ տրված չեն, որպեսզի կանխի նման նախագծերը: Կանխել կարող է միայն այն դեպքում, երբ դա վերևից չի ասվում և ծայրահեղ դեպքում, երբ հանրության կողմից ճնշում է լինում»,-ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ փաստն այն է, այդ համակարգը չի աշխատում: Եվ նույնիսկ եթե ամբողջ համայնքով դեմ էին կանգնում ինչ-որ նախագծի, իշխանությունները տարբեր ձևերով փորձում են կյանքի կոչել այն: «Տնտեսական պատկերն առաջնային է, քան բնապահպանականը, դա ակնհայտ է»,- ասաց նա:
Ձկնաբուծության, ջրօգտագործման շուրջ տարեվերջին Ազգային ժողովում քննարկված նախագծի մասին Լևոն Գալստյանն ասաց, որ պետք է նախ դրա պատճառները հասկանալ:
«Բնապահպանական ոլորտը դարձել է ուղղակի իրենց պատվերը հաստատող մարմին: Ուղղակի վերջին երկու տարին հանրությունը մի քիչ ավելի է միջամտում այդ գործընթացներին, և մի փոքր դժվարացել է իրենց աշխատանքները: Այդ արտեզյան ավազանները նախ պետք է հասկանանք, թե ով է բերել այդ վիճակին, հետո՝ օրինակա՞ն են, թե՞ ապօրինի այդ օգտագործվող հողերը, և երբ դանակը հասնում է ոսկորին, փորձում են ինչ-որ փոփոխություններ անել»,-ասաց նա:

 

Բնապահպանը հավելեց, որ փոխելն ինչ-որ ձև է այդ խնդիրները լուծելու, բայց այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան ժամանակ այդքան ապօրինի ջրեր էին օգտագործում. «Այդպիսի աբսուրդային բաներ միայն մեր երկրում կլինի»:

 

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, բնապահպաը նկատեց, որ օրինակ՝ Սյունքի մարզում հանքարդյունաբերողներն ակնհայտ անում են այն, ինչ ուզում են, թույլատվություն ունեն, թե չունեն, ինչ չափի ունեն, դա կապ չունի:

 

«Դա նշանակում է, որ այդ ամեն ինչը անթույլատրելի սահմանի է հասել: Եվ այս տրամաբանությամբ, որ երկիր ենք զարգացնում՝ ինչքան հնարավոր է շատ վերցնել երկրից, երկար չենք կարող շարունակել»:

 

Նա նաև նշեց, որ Սյունիքի մարզում պլանավորված է շահագործել մոտ քառասուն մետաղական հանք, և դրանք իրենց պոչամբարներով մեծ էկոլոգիական խնդիրներ են առաջացնելու:
«Բնապահպանական նորմատիվները չպահպանելով ինչքա՞ն կարող ենք շարունակել և հանքարդյունաբերությունը զարգացնել»,- ասաց նա և դառնալով առողջական խնդիրներին՝ ավելացրեց. «Եթե այսօր հանքարդյունաբերության շրջաններում ուսումնասիրություններ արվի, իսկ առողջապահության նախարարությանը դա չի հետաքրքրում, կտեսնենք, որ մարդիկ այնտեղ առողջական լուրջ խնդիրներ ունեն»:

 

Բնապահպանի խոսքով՝ նույն խնդիրը Սևանում է, նախ վնասում են, հետո փորձում են ինչ-որ կերպ այդ վնասը հարթել, իսկ բնությունը չի ներում այդպիսի սխալները, պետք է ուղղակի հասկանալ, որ չի կարելի: Այդ հարցում նույնպես տնտեսական շահն է գերակշիռ:
Հատուկ պահպանվող տարածքների ծավալը մեծացել է, բայց ինչքանով են դրանք պահպանվում, Լևոն Գալստյանը նշեց, որ այլ հարց է, միայն ինքը կարող է հստակ ասել, որ շատ արգելավայրեր ուղղակի չեն պահպանվում:
«Շատ բարդ է այս համակարգը, և սպասել, որ այս համակարգում փոփոխություններ կլինեն, անիմաստ է, պետական համակարգի վրա հույս դնելն անիմաստ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց բնապահպանական ճակատն այս տարի կշարժվի իր գործողությունների պլաններով:

 

«2014թ.-ին մենք կունենանք կոնկրետ գործողությունենրի պլան, որովհետև մենք բոլոր ճանապարհները փորձել ենք իշխանությունների հետ համաձայնության գալու, բայց չի ստացվել»,- ասաց նա: