ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսն իր գրքում խստիվ քննադատության է ենթարկել Բարաք Օբամային' Աֆղանստանում անորոշ ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Գեյթսն իր «Ծառայություն. Պաշտպանության նախարարների հուշերը» գրքում ներկայացնում է, որ Օբաման չէր հավատում սեփական ռազմավարության ծրագրին:

 

Չնայած քննադատությանը' Գեյթսն Օբամային բնութագրում է որպես անհատականություն և ուժեղ առաջնորդ, որն իրավացի էր աֆղանական ռազմարշավի վերաբերյալ իր ընդունած որոշումներում: Նախկին նախարարը նշում է նաև, որ նախագահը մեծ հետաքրքրություն և ոգևորվածություն չէր ցուցաբերում Իրաքի և Աֆղանստանի պատերազմների կապակցությամբ:

 

«ԱՄՆ-ի նախագահն այդ պատերազմն իրենը չէր համարում: Նրա համար ամբողջ հարցն այն էր՝ ինչպես վերջ դնի այդ ամենին և հեռանա այնտեղից»,-գրել է Գեյթսը:

 

Մինչդեռ, Օբաման համաձայն չէ այն գնահատականներին, որոնք Պաշտպանության նախկին նախարարը գրել էր իր նոր գրքում: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:

 

Նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի գիրքը լույս կտեսնի հունվարի 14-ին: