Ստորև ներկայացնում ենք «Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կապակցությամբ:

 

«Դեկտեմբերի 30-ին ԼՂՀ դատախազությունը հաղորդեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրել վերջինիս անձնական օգտագործման45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

 

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/:

 

Հունվարի 5-ին ԼՂՀ դատախազությունը հաղորդեց, որ Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ՝ նշելով անուններ։ Ըստ դատախազության կասկածյալները շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ են գտնվել Բալասանյանի հետ՝ վերջինիս կողմից նրանցից մեկի եղբորը ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:

 

Դատախազությունն օրեր շարունակ խուսափում էր գործով մանրամասներ հաղորդելուց՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից։ Սակայն հունվարի 5-ի հաղորդումից կարելի է եզրակացնել, որ Վ.Բալասանյանի դեմ մահափորձի պատճառը միջանձնային վատ հարաբերություններն են։ Այս ամենը, համաձայն հաղորդագրության, պարզվել է ԼՂՀ իրավապահ մարմինների և ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։

 

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ այս հիմնազուրկ հաղորդագրությամբ դատախազությունը նպատակ ունի ուղղորդել հանրային կարծիքը, հնարավոր է նաև՝ կասկածյալներին։ Սա խոսում է կամ նախաքննության ոչ պրոֆեսիոնալիզմի կամ էլ միտումնավորության մասին։ Մենք հակված ենք կարծելու, որ այդպիսով նպատակ կա թաքցնել հանցագործության պատվիրատուին (ներին) և կասկած ենք հայտնում նախաքննության անաչառության նկատմամբ»։

 

 

ԱՎԿ Գործադիր մարմին