Տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

 

Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին:

 

Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է առաջիկա օրերին սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված սննդամթերքի, հատկապես՝ պատրաստի կերակրատեսակների (պահածոներ, կրեմային թխվածքներ, մսային ճաշատեսակներ), ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից: