Այսօր սիրված դերասան Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով հայտնի ավտովթարի շուրջ ընթացող դատական գործընթացներին, այսպիսի հայտարարություն էր արել. «2013թ-ի դեկտեմբերի 30-ի դատավորի որոշումը ստանալուց հետո ակնհայտ դարձավ, որ մինչև դատական նիստը դատավորն ու քննիչը անձամբ կամ միջնորդավորված ձևով հանդիպել են, և քննիչը փոխանցել է իր միջնորդությունը դատավորին: Վերջինս էլ այն «քոփի փաստ» է արել ու ներկայացրել որոշման տեսքով: Սա ակնհայտ է դառնում, եթե քննիչի միջնորդությունն ու դատավորի որոշումը մի փոքր համադրում ես: Ամբողջովին նույն սխալները, նույն վրիպակները: Օրինակ՝ մի նախադասության կոնկրետ բառերի արանքում երկու դեպքում էլ երեք բացատ է թողնված: Դա ինչպես կարող է պատահականություն լինել»:

 

Նիկոլայ Բաղդասարյանը նաև ընդգծել է, որ դրանք իրարից չեն տարբերվել անգամ բովանդակային առումով:

 

«Սա նշանակում է, որ մինչև դատական նիստը կանխորոշել էին ելքը: Սա անօրինական գործողություն է, և մենք դիմելու ենք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվի դատավորը: Իմ կարծիքով, եթե մենք մի փոքր իրավական պետությունում ապրեինք, աշխատանքից էլ պետք է ազատեին նրան»,- ասել է նա։

 

Փաստաբանի հայտարարության շուրջ զրուցեցինք ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի հետ, ով Lurer.com-ին ասաց հետևյալը.

 

«Ընդհանրապես փաստաբաններն իրենք են ընտրում մեղադրյալի պաշտպանության մարտավարությունը: Պրակտիկան ցույց է տվել, որ կան փաստաբաններ, որոնք պաշտպանության մարտավարությունն ընտրում են' գործերին հանրային հնչեղություն տալով, այլ փաստաբաններ՝ միայն օրենքով նախատեսված հիմքերով: Կան նաև փաստաբաններ, որոնք այս երկու միջոցներից օգտվում են միաժամանակ: Հայտնի է, որ ի տարբերություն դատարանների, փաստաբանները կարող են կատարել ցանկացած այնպիսի գործողություններ, որոնք արգելված չեն օրենքով, իսկ դատարանները'միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ինչ վերաբերում է պարոն Բաղդասարյանի հայտնած կարծիքին, ապա բոլորն ազատ են իրենց կարծիքը հայտնել, սակայն, իրավունքի առումով, սոսկ կարծիքները բավարար չեն պետական մարմինների կողմից օրենքով նախատեսված գործառություներ իրականացնելու համար: Ինչպես նկատելի է պարոն Բաղդասարյանի հայտարարությունից, ինքը կարծում է, որ դատավորի կողմից թույլ է տրվել էթիկայի կանոնների խախտում: Փաստաբան Բաղդասարյանը գերազանց գիտի, թե ինչ քայլեր է անհրաժեշտ կատարել նման դեպքերում: Առնվազն պետք է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին ներկայացնել իր կարծիքը հիմնավորող որևէ հիմնավոր փաստ, այլապես անհնար է դառնում ստուգել փաստաբանի կարծիքի համապատասխանությունն իրականությանը և դրա հետևանքի կիրառումը: Դատական իշխանությունը բազմիցս է հայտարարել, որ շնորհակալ կլինի բոլոր այն անձանցից կամ կազմակերպություններից, որոնք օրենքով սահմանված կարգով կներկայացնեն խախտման յուրաքանչյուր դեպք բացահայտող փաստարկված տեղեկություններ: Շնորհակալ կլինենք պարոն Բաղդասարյանին, եթե սահմանված կարգով ներկայացնի ապացույցներ»: