Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի բերումով «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ով արդեն 16 օր հացադուլի մեջ է, այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նրա կինը՝ Ռուզան Բադալյանը։

 

«Նա այս պահին էլ դեռ շարունակում է հացադուլը»,- ասաց Ռուզան Բադալյանը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն Ոստիկանությունը թույլ չտվեց նրանց շարունակել երթը, ինչի հետևանքով բախումներ տեղի ունեցան, ձերբակալվեցին ավելի քան 30 մարդ, այդ թվում և Շանթ Հարությունյանը։

 

Շանթ Հարությունյանը մեղադրվում է քաղաքացիական հագուստով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար: