ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին.

 

Հարց.

 


– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի՝ Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

 

Պատասխան.

 


– Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում: Նա կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել՝ համեմատվելով Արցախի Հանրապետության հետ:

 

Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների: