Քաղբանտարկյալը շատ ավելի լուրջ ու արժանապատիվ կարգավիճակ է, քան հաճախ վերջին տարիներին ներկայացվում է մի շարք ազատազրկված քաղաքացիների վերաբերյալ, ոմանց համոզմամբ՝ քաղբանտարկյալը հենց քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձն է՝ անկախ իրավիճակից: Փաստաբան Հարություն Բաղդասարյանը այս հարցի շուրջ իր տեսակետն ունի, ըստ որի քաղաքացու կարգավիճակը գնահատելու համար հարկավոր է նախ գնահատել այն պայմանները, որտեղ ի հայտ են գալիս նման անձինք:

«Եթե քաղաքացին ապստամբություն է բարձրացնում, հետագայում նաեւ հեղափոխություն է անում, մեղավորն ո՞վ է, ո՞վ հանգեցրեց սրան: Քանի չենք կարողանում տալ այս հարցի պատասխանը, Շանթը քաղաքական բանտարկյալ է: Ես չեմ ասում՝ Շանթը լավ է արել, թե վատ է արել: Եթե մարդուն այսօր քրեական պատասխանատվության ես կանչում իր քաղաքական հայացքների համար, քանի որ նա այսօր ապստամբություն է բարձրացնում, պարզ երեւում է, որ մարդուն պատասխանատվության ես կանչում իր քաղաքական գաղափարների համար: Շանթի նկատմամբ, որքան գիտեմ, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 361 հոդվածով, այսինքն իշխանության ներկայացուցչի նկատմամբ հանիրավի ապօրինի գործողություններ կատարելու համար, հիմա ես ուզում եմ հասկանալ. եթե Շանթը գնում էր Բաղրամյան 26 ու ոստիկանները այդ ամենին, ընդունենք, չէին խոչընդոտում, Շանթի նկատմամբ ի՞նչ պատասխանատվություն էին կիրառելու»,- հարց է ուղղում փաստաբանը:

Այն, որ երեւույթն իր մեջ քաղաքական տարր ունի, փաստաբանը վստահ է, բայց նաեւ այն կարծիքն ունի, որ քաղաքական բանտարկյալ կոչվելու համար շատ ավելի մեծ հեղինակություն պետք է ունենալ, ինչպես նաեւ իր կարծիքով՝ քաղբանտարկյալներն ի հայտ են գալիս մեծամասշտաբ գործողությունների ժամանակ, ոչ թե փոքրաթիվ մարդկանցով փայտերը ձեռքին հեղափոխության գնալու ճանապարհով:

«Այսպիսով մենք «քաղբանտարկյալ» տերմինը արժեզրկում ենք միանշանակ, իրականում այն շատ ավելի պատասխանատու է, քան մահակներով իշխանության դեմ գնալը, ինչո՞ւ, որովհետեւ այսպես այլասերվում է ցանկացած երեւույթ, բոլորն էլ հասկանում են, որ փայտով դու իշխանություն չես փոխելու, իշխանությունը փոխվում է երկու ճանապարհով՝ կամ հեղափոխական բռնի գործողությունների, կամ ընտրությունների ճանապարհով: Փայտը այդ երկուսի մեջ չի տեղավորվում, եթե այդ ամենին փորձում ես արժեք տալ, որ հետագայում դառնաս քաղբանտարկյալ, սա քո իրավունքն է, այլ հարց է, թե ով ինչ գնահատական կտա քո կատարած գործողություններին»,- համոզված է Հարություն Բաղդասարյանը:

Որպեսզի ավելի հասկանալի լինի իր գնահատականը, փաստաբանը բերում է քաղբանտարկյալների օրինակներ՝ նշելով, որ Հայաստանում եղել են նման անձինք, որքան էլ իրավական ձեւակերպմամբ նրանք քաղբանտարկյալ չեն համարվել, և հիշելով Մարտի մեկի դեպքերի ժամանակ ձերբակալված մի շարք անձանց:

«Եկեք հասկանանք՝ ինչ է «քաղբանտարկյալ» հասկացությունը. Խոդորկովսկին քաղբանտարկյալ էր, թե չէ. եթե ինձ եք հարցնում, ամեն երեւույթ չէ, որ պետք է քաղաքականացնել: Վաղը ես էլ դուրս կգամ, կսկսեմ չգիտեմ ինչեր անել ու դրանով ավելի մեծ հեղինակություն ձեռք կբերեմ: Չէ, այդպես չէ, բայց ո՞վ նպաստեց այդ ամենը ստեղծելուն. Խոդորկովսկուն պարզ ասում էին՝ երրորդ անգամ ես նստելու, բոլորին էլ պարզ էր. Խոդորկովսկուն ազատազրկեցին, որովհետեւ ընդդիմությանը ժամանակին ֆինանսավորում էր, հետո էլ չէր ընդունում մեղքը»,- օրինակ է բերում Հարություն Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է քաղբանտարկյալ դառնալ քաղաքական աժիոտաժ առաջացնելու եղանակով:

Հաջորդ օրինակը, որ հաստատում է փաստաբանի ներկայացրած իրավիճակը. «Սախարովը մինչեւ չնստեց, չիմացան, որ Սախարով կա, այսինքն՝ ինքնին քաղբանտարկյալ հասկացությունը պետք է լիներ այսպիսին. ինքը քաղաքական դեմք էր, քաղաքական գործունեություն էր իրականացնում, կան կուսակցություններ, կոնկրետ ասեմ. Տիմոշենկոն քաղբանտարկյալ է, որովհետեւ լուրջ քաղաքական հենարան ունեցող ուժի ղեկավար էր, եւ ակնհայտ է, որ Յանուկովիչը Տիմոշենկոյին նստեցրել էր ոչ նրա համար, որ Ռուսաստանից գազը թանկ էր գնել: Երեւույթը միանշանակ քաղաքական է, բայց Տիմոշենկոյի կշիռը շատ ավելի մեծ է, այն իր մեջ ներառում է քաղաքական լուրջ տարր, որովհետեւ ինքը նախ պատգամավոր էր, ապա քաղաքական կուսակցության լիդեր: Այ սա քաղաքական էր»,- վստահ է փաստաբանը: