Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով հաջորդ՝ հունվարի 24-ի դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը՝ պաշտպաններից նա վերջինը հանդես կգա պաշտպանական ճառով: Հնարավոր է, ևս մեկ նիստ կպահանջվի, որպեսզի տուժող կողմի ներկայացուցիչներն օգտվեն ռեպլիկի իրենց իրավունքից:

 

Այսօրվա դատական նիստում ճառերով հանդես եկան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը, համալիրի անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Արման Բաղդասարյանի պաշտպաններ Մարինե Թովմասյանն ու Միհրան Պողոսյանը:

 

Բոլոր պաշտպաններն իրենց ճառերում ընդգծեցին, որ մեղադրող կողմը խախտել է մեղքի ու պատասխանատվության անհատականացման սկզբունքը, բոլոր 6 ամբաստանյալներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113 –րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և 118-րդ հոդվածով՝ ծեծը:

 

Ըստ այդմ էլ մեղադրող կողմը միջնորդել է ամբաստանյալներին դատապարտել նույն պատժին՝ 13 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրողների, ամբաստանյալները միասնական դիտավորությամբ՝ միմյանց լրացնելով հասցրել են հարվածներ տուժողներին, ինչի հետևանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ մահվան ելքով, Արտակ Բայադյանին ու Գարիկ Սողոմոնյանին՝ միջին ծանրության վնաս, իսկ Արկադի Աղաջանյանն ու Էդգար Նիկոյանը ծեծի են ենթարկվել:

 

Պաշտպան Սերգեյ Մկրտչյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը դեպքի վայրում, այսինքն՝ ավտոկայանատեղիում չի գտնվել, այդ մասին չկան ապացույցներ, իսկ տուժողների հակասական, իրարամերժ ցուցմունքները առաջացնում են հիմնավոր կասկածներ՝ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Ուստի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և արդարացնել:

 

Իսկ եթե դատարանն, այնումենայնիվ, գտնի, որ Դ.Ադամյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, ապա նրան առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ (Դ.Ադամյանը բռունցքով մեկ հարված է հասցրել Վ.Ավետյանին՝ միջին ծանրության վնաս պատճառելով նրա առողջությանը ) հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 տարվա ազատազրկում: Սերգեյ Մկրտչյանը միջնորդեց այդ դեպքում կիրառել համաներման մասին որոշումը, իր պաշտպանյալին ազատ արձակել դատարանի դահլիճից կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդեց նշանակել արդարացի պատիժ՝ անհատականացնելով յուրաքանչյուրի արարքները և չդատապարտելով չարածի համար, իսկ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց իր պաշտպանյալին անմեղ ճանաչել ու արդարացնել:

 

 

«Փաստինֆո»