«Էմի ֆրութ» ընկերությունը նախատեսել է վաղը Օրհուս կենտրոնում հանդիպում ունենալ բնապահպանների հետ՝ քննարկելու «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը. այս մասին Tert.am-ին ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը։

 

Նշենք, որ կառավարությունը հաստատել է նախագիծը, ըստ որի նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023թ.-ը հասցնել տարեկան մինչև 50.000 տոննայի: Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի 50.000 տոննա արհեստական կեր, որն էլ կապահովի ձկան արագ աճը։ Պատասխանատուն «Էմի ֆրութ» ընկերությունն է։

 

Սևանի էկոհամակարգով մտահոգ բնապահպանները ծրագրից մտավախություն ունեն։ «Սևանի լճի էկոհամակարգի համար առանձնապես լավ ապագա չեմ կանխատեսում։ Ինչ վերաբերում է պատճառաբանությանը, թե իշխանի պաշարները կավելանան, դա լուրջ չի, մենք ոչ մեկս չենք կարող ասել, թե ինչ կերեր կներմուծվեն Հայաստան և ինչ կերեր կտան այդ ձկներին, որպեսզի բազմացվեն»,-ասաց բնապահպանը։

 

Բացի այդ, նրանք տեղեկացել են, որ իշխանի պաշարներն ավելացնելու համար մեծ ձեռնարկություններ են ավելանալու, արտադրամասեր են բացվելու։ «Իսկ թե այդ թափոնները ո՞ւր են գնալու, ո՞նց են մշակվելու, ինձ համար պարզ չէ»,-ասաց նա։

 

Սիլվա Ադամյանը տեղյակ է նաև, որ հիդրոէկոլոգիայի կենտրոնի մասնագետները տվել են դրական եզրակացություն տվյալ ծրագրին, չնայած նշել են նաև բացասական կողմերը։

 

«Մասնագետները մեզ հավաստիացնում են, որ իրենք արել են մշտադիտարկում, փորձնական պիլոտային ծրագիր է այնտեղ իրականացվում, և կերերը բացարձակ անվնաս են շրջակա միջավայրի համար։ Բայց թույլ տվեք չհամաձայնել, մենք այդպիսի բազմաթիվ ծրագրեր գիտենք, հանքարդյունաբերության, արգելավայրերի ծրագրում, որտեղ հավաստիացնում էին, որ ամեն ինչ լավ է, բայց հեչ լավ չեղավ։ Հետո սկսում էինք պայքարել հետևանքների համար։ Մենք վստահ ենք չենք, որ գենետիկորեն մոդիֆիկացված կերեր չեն լինի։ Մեզ համար շատ հետաքրքիր է, ո՞նց են ապահովելու այդ մաքուր կերը, ո՞ւր են գնալու թափոնները, ասում են 6-7 հազար մարդ է այնտեղ աշխատելու, մեծ հարցականներ են, կարդացել ենք ծրագիրը, բայց ոչինչ չասող ծրագիր է»,-ասաց նա։

 

Բնապահպաններին նաև ասել են, որ դեռևս սովետական շրջանում է այդտեղ ձկնաբուծարան եղել, ինչը նույնպես համոզիչ չի եղել նրանց համար։

 

«Բայց հո՞ բոլորս էլ գիտենք, որ մոդիֆիկացված կեր չի եղել, այդպես չեն բազմացրել։ Ի՞նչ խնդիր կա, որ մալյուտկաները բաց թողնեն բնական պայմաններ, և ինչքան պետք է իշխան, այդքան էլ բազմանա, չեմ հասկանում իմաստը»,-ասաց նա։

 

Նրանց մտավախությունները նաև կոռուպցիոն ռիսկերին է վերբերում, որոնց մասին, սակայն, դաշինքի անդամը մտադիր չէ խոսել։ «Կներեք, բայց դա ուրիշ օպերայից է, իսկ ես դեռևս խոսում եմ բնապահպանական խնդրի մասին»,-եզրափակեց նա։