Հունվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Տոկիոյում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահ Իչիկավա Մասակազուի հետ, որի ընթացքում քննարկվեցին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

 

Սերգեյ Մանասարյանի հաջորդ հանդիպումը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի հետ էր: Հանդիպմանը կողմերն անդրադարձան հայ-ճապոնական խորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերին՝ կարևորելով Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի վերջնական կազմավորումն ու փոխայցելությունների իրականացումը:

 

Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Հիրոտակա Իշիհարայի հետ կայացած հանդիպմանը երկուստեք արդյունավետ գնահատվեցին Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցությունները: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ևս շարունակել համագործակցությունը հայ-ճապոնական հագեցած օրակարգի ձևավորման և հարաբերությունների խորացման ուղղությամբ: