Tert.am-ը կարծիքներ ու մեկնաբանություններ է հավաքել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-ն Արևելյան Հայաստանի Հանրապետություն անվանելով «պատմական արդարությունը վերականգնելու, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից» սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննարկելու առաջարկի վերաբերյալ: Հարցված պատմաբանների ու քաղաքական գործիչների մեծամասնության համար առաջարկն անհասկանալի է:

 

«Մենք պետք է կշռադատենք. վերանվանելով այսօր մենք հայտ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի նկատմա՞մբ: Այսինքն՝ այդ քայլը պետք է ունենա տրամաբանական շարունակություն»,- Tert.am-ին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով Արմեն Աշոտյանի առաջարկը որակեց որպես հայրենասիրական պոռթկում, որը հետագա գործողությունների առումով անհասկանալի է՝ հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ:

 

«Հիմա տեսեք՝ մենք մի կողմից էդ խայտառակ հայ-թուրքական արձանագրությունները, որ սառեցրել ենք, ինչը նշանակում է, որ դրանք դեռ ուժի մեջ են, գործողության, որովհետև սառեցումը դեռ չի նշանակում օրակարգից հանել, մյուս կողմից էլ հավակնություններ ենք հանդես բերում Արևմտյան Հայաստանի նկատմամբ, որը շատ մեր սրտով է, չափից ավելի: Բայց ուզում եմ հարցնել՝ էդ երկու քաղաքական գործելակերպը ո՞նց ենք իրար համադրում։ Արձանագրություններից դեռ պաշտոնապես չենք հրաժարվել, այսինքն՝ այսօր եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց, ինչպես մենք խոստացել ենք, մեխանիկորեն մենք էլ պետք է վավերացնենք, և այս պայմաններում մենք խոսում ենք Հայաստանը Արևելյան Հայաստանի Հանրապետություն հռչակելու մասին»,- ասաց պատմաբանը:

 

Նրա խոսքերից դատելով՝ Հայաստանը չպետք միայն հայտարարի, այլև պետք է համապատասխան սրբագրումներ անի իր արտաքին քաղաքական կուրսում: Այն է՝ հայտարարի, որ մեր նպատակը պահանջատիրությունն է, Ցեղասպանության դիմաց մենք հայրենիք ենք պահանջում Թուրքիայից և այլն: Եթե նման քայլեր արվեին Աշոտ Մելքոնյանը կհասկանար Արմեն Աշոտյանի տրամաբանությունը:

 

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նաև նշել էր, որ սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

 

Ի պատասխան հարցի, թե պատմաբանների կողմից երբևէ նման առաջարկ եղե՞լ է, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն ասաց, որ 1918 թվականից հետո Հայաստանի ողջ քաղաքական միտքը դրանով էր զբաղված, և արևմտահայ գործիչների մեծագույն մասը չէր ընդունում, որ այս Հայաստանը պետք է կոչել Հայաստանի Հանրապետություն:
Նրանց թվում էին՝ Անդրանիկը, Պողոս Նուբարը, որոնք պնդում էին, որ Հայաստանը կա՛մ պետք է կոչվի Արևելյան Հայաստան, կա՛մ՝ Երևանյան Հանրապետություն, կա՛մ՝ Արևելահայկական Հանրապետություն:

 

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում նախ զարմացավ Արմեն Աշոտյանի առաջարկից, ապա ենթադրեց, որ դա արվում է «պահանջատիրությունից», որին «կողմ ենք», բայցև նկատեց, որ Արևելյան Հայաստանի մի մասն էլ հայերիս համար կորսված է:

 

«Այլ կերպ ասած, տրամաբանական տեսանկյունից մենք համաձայն կլինեինք, եթե Արևելյան Հայաստանն ամբողջությամբ մերը լիներ, մենք նոր պահանջատիրություն կներկայացնեինք»,- նա, բայցև ավելացրեց. «Բայց Հայաստանի Հանրապետությունն էլ պահանջատեր կարող է լինել ցանկացած պահի»:

 

Հայկական ազատ հանրագիտարանում «Արևելյան Հայաստան» անվան տակ կարդում ենք. «Արևելյան Հայաստանը 387 թվականին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում առանձնացած բնիկ հայկական տարածքն է։ Ներկայումս դրանք Ադրբեջանի, Հյուսիսային Իրանի, Հյուսիս-արևելյան Վրաստանի և Հայաստանի Հանրապետության տարածքներն են։ Արևելյան Հայաստանը իր մեջ ներառում է, բայց չի սահմանափակվում, հետևյալ տարածքները' Կարս, Սուրմալու, Գարդմանք, Նախիջևան, Ջավախք, Հյուսիսային Լոռի, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն:

 

Հանրային խորհրդի նախագահ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ես Աշոտյանին չեմ լսել ու չեմ կարող մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ հիմա նման քննարկումների ժամանակն է: Ես չեմ կարծում նաև Հայաստանի պրոբլեմը դա է»:

 

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ անկախության առաջին տարիներին էլ նման առաջարկների մասին չի հիշում:

 

Tert.am-ը զրուցեց նաև մի քանի պատմաբանների հետ, որոնք ցանկացան անհայտ մնալ: Նրանցից մեկն ակնհայտորեն զարմացած լինելով նախարար Աշոտյանի նման առաջարկից, ասաց, որ նման առաջարկ կարող էր անել բժիշկը (նկատի ունի Արմեն Աշոտյանի բժշկական կրթությունը) կամ էլ Պարույր Հայրիկյանը:

 

Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ աշխարհին նման մարտահրավեր նետելուն (հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայից պահանջատիրությունը ներառված չէ, միայն ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում), ապա, ըստ մեր զրուցակցի, այս առաջարկը նման է նրան, որ փոքր տղա, գնա ու «պուճուր» քարով պարսատիկով հարվածի օլիգարխի առանձնատան պատուհանին: «Գոնե օգուտ կլիներ, եթե օլիգարխի լուսամուտի ապակին կոտրվեր»,- ասաց նա։