Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուրբաթ երեկոյան հաստատել է 2014 թվականի բյուջեն և 5 օրենք, որն ընդունվել էր հունվարի 16-ին: Այս մասին հայտնում է Interfax-ը:

 

Այդ օրենքների հաստատումը մեծ քննադատության է ենթարկվել Ուկրաինայի ընդդիմության, լրագրողների, ինչպես նաև տարբեր երկրների ղեկավարների կողմից:

 

Ուկրաինայի օրենսդրությունում կատարված այդ փոփոխությունները փաստացիորեն անհնար են դարձնում «Եվրամայդանի» շարունակումը: Ըստ օրենքների՝ բարդացվել են ընդդիմության գործունեությունը, ընդդիմադիր ԶԼՄ-ների աշխատանքը և արտասահմանից հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը:

 

Օրենքի ընդունումից հետո հայտնի է դարձել նաև, որ Յանուկովիչը հեռացրել է իր աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինին: Պաշտոնից հեռացնելու պատճառները, ինչպես նաև աշխատակազմի նոր ղեկավարի անունը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ Լևոչկինը ներկայացրել էր իր հրաժարականը, սակայն նրա պահանջը չէր ընդունվել:

 

Վերլուծաբանները կարծում են, որ այս օրենքների հասատումը Ուկրաինայի իշխանությունների պատասխաննն է Կիևի կենտրոնում երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաներին: