Վճռաբեկ դատարանում կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել աշխատանքային խումբ ձևավորելու համար' հույս հայտնելով, որ այն կաշխատի նպատակային և կկարողանա բոլոր հարցերը լուծել ի շահ հանրության:

 

Մկրտումյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքային խմբի համար առաջնային պետք է լինի Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը օրենսդրական փոփոխությունների
առաջարկը:

 

Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանում տարեկան քննվում է 90 հազար գործ' 230 դատավորի մասնակցությամբ: Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է շուրջ 500 գործ, իսկ քրեական
գործեր քննողների մոտ' շուրջ 100, մինչդեռ գոյություն ունի դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորում' ինչի համաձայն յուրաքանչյուր դատավոր կարող է քննել ամսական 15 գործ: Խնդիրն ավելի պարզ ներկայացնելու համար Արման Մկրտումյանը ներկայացրել է նաև եվրոպական երկրների դատավորների քանակային ցուցանիշը 100 հազար անձի նկատմամբ, ինչը Եվրոպայում կազմում է 21.3, մինչդեռ Հայաստանում ընդամենը 6.7 է:

 

Անդրադառնալով Վճռաբեկ դատարան ստացվող բողոքներին' Մկրտումյանը նշել է, որ թեև բողոքարկվող դատական ատյանների տոկոսը բավականին ցածր է' 5 տոկոս (տարեկան 4 հազար բողոք), սակայն այն պետք է քննվի Վճռաբեկ դատարանի ընդամենը 17 հոգանոց կազմով: Այսպիսով' նա աշխատանքային խմբին հորդորել է օրենսդրական բարեփոխումների փաթեթը կազմելիս առավել ուշադրության արժանացնել դատավորների ծանրաբեռնվածության ներկայիս վիճակը: Կոչ է արել օրենսդրական բարեփոխումներ առաջարկելիս գտնել այնպիսի միջոցներ, որոնք կնպաստեն թեթևացնելու այդ ծանրաբեռնվածությունը:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին' ընդունելության և դատական համակարգում առկա խնդիրներն ի շահ հանրությանը լուծելու պատրաստակամության համար: Զոհրաբյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է աշխատանքային խմբի'

 

Փաստաբանների պալատի կազմը և համոզմունք հայտնել, որ դատական իշխանության և փաստաբանական համայնքի համագործակցությունը արդյունավետ կլինի յուրաքանչյուր անձի համար:

 

Աշխատանքային խումբն առաջին նիստում որոշել է մշակել բարեփոխումների հայեցակարգ:

 

Աշխատանքային խմբի կազմը.

 

ՀՀ փաստաբանների պալատ
1. Արթուր Հովհաննիսյանին (արտոնագիր' 1732),
2. Սամվել Սիմոնյանին (արտոնագիր' 770),
3. Արմինե Ֆանյանին (արտոնագիր' 1262),
4. Դավիթ Հունանյանին (արտոնագիր' 1217):

 

ՀՀ վճռաբեկ դատարան

 

1. Մամիկոն Դրմեյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր

 

2. Ելիզավետա Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

 

3. Արսեն Մկրտչյան

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

 

4. Կարեն Փոլադյան

 

 

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար