News.am Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը կարծես կանխազգացել է իր մահը: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պատմեց դեպքի օրը Արմեն Հովհաննիսյանի հետ դիրքերում գտնվող զինծառայող, շարքային Նորայր Մկրտչյանը:

 

«Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց պատկերացնում ես' ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի' Աստված չանի, տենց բաներ մի խոսա»,-պատմեց Նորայր Մկրտչյանը:

 

Նրա խոսքով' վերջին օրերին Արմեն Հովհաննիսյանը անընդհատ ասում էր, որ ընդամենը 5 ամիս է մնացել ծառայության ավարտին. «Պատկերացնո՞ւմ ես՝ 5 ամիս, հլը բերանով ասա՝ 5 ամիս»:

 

Նորայր Մկրտչյանը պատմեց, որ Արմենն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և բարձր պատասխանատվությամբ:

 

Նորայրը պատմեց ողբերգության օրվա մանրամասները. Առաջին կրակոցն անցել է նրանց գլխավերեւով, Արմեն վազելով մտել է կացարան, զեկուցել դիրքի ավագին, վերադարձել ու հրահանգել՝ համար 1 պատրատություն։ Դրանից հետո 10-15 րոպե ոչինչ տեղի չի ունենում։ Արմենը գնում է տարածքը ստուգելու։ Վերադառնում է, ասում՝ «նորմալ ա, տղերք ջան, գնամ դիտակետից դիտարկում անեմ, այդ պահին կրակոց է լսվում նրա ուղղությամբ»։

 

Նորայրը կրակոցի ուղղությամբ հինգ պատասխան կրակոց է ուղարկում, ու այդ պահից սկսվում է անկանոն կրակահերթը հայկական դիրքերի ուղղությամբ։ Նորայրը վիրավորվում է, դիրքի ավագը նրան տեղափոխում է կացարան, որից հետո կազմակերպում պաշտպանությունը, որը տեւում է մոտ կես ժամ։ Երբ ամեն ինչ վերջանում է՝ պարզում են, որ Արմենը զոհվել է։

 

Վերջին բառերը, որ Արմենից լսել է Նորայրը. «Վախ, վախ, վախ»։

 

Արմենին հողին կհանձնեն վաղը Եռաբլուրում։ Կլինի պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։

 

Մանրամասներն `այստեղ: