«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի' բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ.-ի մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այն վերահսկվում է հայկական ուժերի կողմից։

 

Դիմումատուները մասնավորապես բողոքում են Լաչինում իրենց սեփականության կորստից։

 

Դատական նիստի բացումից հետո առաջինը հանդես եկավ հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մարկ Մյուլերը՝ ներկայացնելով հայցվորների պահանջը։ Հայցվորը նշում է, որ Հայաստանը ԼՂՀ-ի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում․ «Հայաստանը վերահսկում է անգամ ԼՂՀ կառավարության գործողությունները։ Հայաստանը հասել է միացյալ պետության ստեղծման իր երազանքին»։

 

Հայցվոր կողմը ներկայացնող մյուս փաստաբանը ևս փորձում էր փաստարկել, իբր Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն» ունի ԼՀՂ-ի նկատմամբ՝ անգամ ֆինանսական, ռազմական առումով․«Հայաստանը Ստեփանակերտին մատարակարում է զենք և ֆինանսական միջոցներ։ ԼՂ-ն գոյատևում է միայն այլ երկրից ստացվող օգնությամբ»։

 

Հայաստանը՝ որպես պատասխանող, ներկայացնում էր ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

 

Հայցի դեմ հայկական կողմը փաստարկում էր, որ հայցվորները, մինչ Եվրոպական դատարան դիմելը պետք է սպառեին ներպետական դատական ատյանները։

 

Հայկական կողմից նշվեց, որ ՄԻԵԴ-ը կարող է մեծ դեր կատարել՝ տեղական դատարաններին հնարավորություն տալով ապացուցել իրենց անկախությունն ու արդարադատությունը։

 

«Հայցվորները նշում են, որ Լոնդոնի փաստաբանները չեն տիրապետում Հայաստանի արդարադատությանը, սակայն նշենք, որ Հայաստանում ևս կան փաստաբաններ, որոնք կարող էին օգնել նրանց։ Հայաստանում նրանք կարող են դիմել և ստանալ փոխհատուցում՝ բանակի կողմից արված վնասների դիմաց։ ԼՂՀ-ում նրանք կարող են դիմել և վերականգնել իրենց սեփականության իրավունքը, հատկապես երբ կան դրա համար արդեն իսկ նախադեպեր, երբ մարդկանց տունը պատերազմի արդյունքում քանդվել է, սակայն նրանք ԼՂՀ դատարանում կարողացել են հասնել իրենց իրավունքների վերականգնմանը և ստանալ իրենց սեփականությունը։ Հայաստանը եվրոպական երկիր է, որտեղ գործում են բազմաթիվ ավիաընկերություններ և Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ազերիների մուտքի որևէ արգելք չկա։ Ինչո՞ւ նրանք չեն գործել այսպես։ Սա խոսում է այն մասին, որ նրանց սխալ խորհուրդ են տվել փաստաբանները։ Նրանք մեղքից չեն ազատվում, եթե չգիտեն Հայաստանի օրենքները, չեն սպառել տեղական արդարադատության բոլոր ատյանները»,-ասաց հայկական կողմի փաստաբան Ջեոֆրի Ռոբերթսոնը։

 

Լեռնային Ղարաբաղում փոխհատուցման հետ կապված նշվեց, որ նրանք կարող ԼՂՀ-ում ստանալ ոչ միայն փոխհատուցում, այլ նաև վերականգնել իրենց հողատարածքը, ինչպիսի նախադեպ կա ԼՂՀ-ում։

 

Նախադեպային այդ գործերից է Ջաֆարովի գործը, ով ապրել է ԼՂ-ում։ 1991թ․-ին պատերազմի թեժացումից հետո նա հեռացել է Ռուսաստան։ Նա ԼՂՀ իշխանություններին հարցում է արել, արդյո՞ք կարող է վերադառնալ։ Նրան վստահեցրել էին, ով ԼՂ վերադառնալու հետ կապված որևէ արգելք չկա։

 

2005թ․-ին ԼՂ վերադառնալուց հետո Ջաֆարովը պահանջել է իր հողը, որը իշխանությունները մերժել են։ Սակայն դատական գործընթացի արդյունքում իշխանություները, դատարանի որոշման համաձայն, հողը գրանցել են նրա անվամբ։ Նույնն է նաև մեկ այլ ազերի՝ Ալիևի գործը։

 

Հայկական կողմի պնդմամբ, այս 2 գործերը ցույց են տալիս, որ հայցվորները կարող էին առավել արդյունավետ արդյունքի հասնել տեղական արդարադատությանը դիմելու դեպքում, ինչպես Ջաֆարովն ու Ալիևը։

 

«Այս գործերը ամբողջությամբ փոշիացնում են հայցվորի փաստարկը, թե նրանք չեն կարող գալ Հայաստան և վերականգնել իրենց սեփականությունը, ուղղակի նրանք պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում ԼՂՀ-ում»,- ասաց փաստաբանը։

 

ՀՀ-ն չի ընդունում նաև հայցվորների այն բողոքը, թե ՀՀ-ն «արդյունավետ իրավազորություն» է իրականացնում ԼՂՀ-ի նկատմամբ։
«Հայցվորները գործում են «տեղեկությունների» հիման վրա, թե Հայաստանը «արդյունավետ իրավազորություն» և զգալի ռազմական ներկայություն ունի ԼՂՀ-ում։ Սա չի համապատասխանում իրականությանը։ Այդ «տեղեկությունները» հիմնականում ադրբեջանական քարոզչության արդյունքն են, սրանք վկայություններ չեն։ Դատարանը պետք է փաստացի ծանոթանա հայցվորի կողմից ներկայացրած «վկայություների» հետ։ ԼՂՀ-ում չկան հայկական զորամիավորումներ, փողոցներում չկան զինվորներ։ Ինչպես վկայում են ԼՂՀ իշխանությունները, ԼՂ-ն օկուպացված չէ, այն անկախ պետություն է, իր դեմոկրատական ընտրված իշխանությամբ։ Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեն տեղական դատարաններ, բանիմաց դատավորներ, ովքեր կարող են պաշտպանել մարդկանց իրավունքները»,- նշում է փաստաբանը։

 

Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո հայցվորների պաշտպանությամբ հանդես եկան նաև Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են գործում որպես երրորդ կողմ։

 

Ելույթներից հետո դատավորների կողմից հարց ու պատասխանից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ։ Գործով որոշումը կլինի ավելի ուշ, որի մասին կտեղեկացվեն կողմերը։