Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հանրությանը նոր նյութերով հագեցած գիտական ցուցադրություն կներկայացնի, որի միայն ծավալը կարող է անակնկալի բերել մարդկանց: Խոսելով տարելիցի միջոցառումներից և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներից՝ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա նշեց, որ թանգարանի աշխատակազմի վերջին 5-6 տարվա գիտահավաքչական աշխատանքների շնորհիվ թանգարանի ֆոնդային բնօրինակ նյութերի քանակը եռապատկվել է:

 

«2015-ին հանրությունը կտեսնի խորքային, կատարելապես նոր թանգարանային ոճով ու դիզայնով, նորահայտ նյութերով հագեցած թանգարանային ցուցադրություն: Լինելու են՝ լուսանկարային նյութեր, փոքրիկ կինոսրահներ, որտեղ կարելի է լսել վերապրածների պատմությունները, դիտել վավերագրական կադրեր և այլն: Այցելուները հնարավորություն կունենան շուրջ 20 մոնիտորների միջոցով թերթել բազմապիսի նյութեր, դիտել ինտերակտիվ քարտեզներ, և սա դեռ ամբողջ չէ: Հայաստանում առաջին անգամ ժամանակակից թանգարանային ոճ է ներառվելու»,- ասաց Հայկ Դեմոյանը և ավելացրեց, որ 2012թ-ի նոյեմբերից սկսվել են նոր թանգարանի ընդարձակման ու հիմնավերանորոգման աշխատանքները, որոնք շարունակվում են մինչ օրս:

 

Նշենք նաև, որ հիմնանորոգվում է նաև հուշահամալիրը՝ մասնավորապես հուշասյունը:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, Հայկ Դեմոյանը, որ նաև նույն հանձնաժողովի քարտուղարն է, նշեց, որ արդեն 3 նիստ է գումարվել և կարևորն այն է, որ դեռևս առաջին նիստին հստակեցվել է հետևյալը.«Մենք որևէ բան չենք ավարտում կամ ամփոփում 2015-ին: Ուղղակի, մեծ ծավալի միջոցառումներով, նորովի շեշտադրումներով, մենք արձանագրում ենք, որ 100 տարի է անցել՝ դեռևս անպատիժ ու հետևանքները չվերացված ծայրագույն մի հանցագործության իրականացումից, որի անունն է Ցեղասպանություն։ Այս առումով շատ կարևոր է, որ մենք ինքներս անհատական և ընդհանուր, համազգային մակարդակով արձանագրենք, որ մենք պատրաստվում ենք 2015-ից հետո էլ նոր թափով շարունակել մեր աշխատանքները։ Այս պահին համապատասխան հանձնաժողովի աշխատանքային հանձնախմբում որոշումներ են կայացվում հանձնաժողովի ուշադրությանը ներկայացված տարաբնույթ առաջարկների, տարբերանշանի, կարգախոսի, միջոցառումների կազմակերպման աշխարհագրության, ժամանակացույցի հետ կապված»,- ասաց նա:

 

Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ մայիս ամսին տեղի կունենա հանձնաժողովի 4-րդ նիստը, որին պետք է մասնակցեն բոլոր երկրներում գործող հարյուրամյակի հանձնախմբի պատասխանատուները։

 

«Սա շատ կարևոր և առանցքային հանդիպում է լինելու: Մինչ մենք կամփոփենք 2014-ի առաջին կիսամյակը, բոլոր պատասխանատուները կգան Երևան, և մենք կլսենք բոլորին: Մեզ համար դա կարևոր է, ի վերջո, սա համահայկական կառույց է, իսկ քննարկվող հարցերը և մեր հետագա անելիքները ճշգրտելը' համահայկական խնդիր: Իսկ մինչ այդ նախապատրաստական հանդիպումներ են նախատեսված Միացյալ Նահանգներում և Եվրոպայում»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է սփյուռքի հետ համագործակցելուն, ապա Հայկ Դեմոյանը նշեց, որ համապատասխան պետական հանձնաժողովը ներկայացնում է ամբողջ հայության ներկապնակը և որպես այդպիսին հանդիսանում է համահայկական կառույց:

 

«Ընդհանուրի գործն է սա, հանուն որի պետք է համադրված աշխատել»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, թե վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել թուրք դեսպանների հետ և հանձնարարել պատրաստվել 1915թ-ի իրադարձությունների 100-րդ տարելիցին և ներկայացնել հանրությանը ճշմարտությունը, Հայկ Դեմոյանը նշեց, որ կամա, թե ակամա, հայկական կողմը պարտադրվում է արձագանքել թուրքական կողմի անելիքներին, բայց միաժամանակ ընդգծեց.«Ես շատ վատ եմ գնահատում այն օրհասական կամ պանիկայի հասնող հայտարարությունները, թե թուրքերը մի բան են անում, մենք էլ ինչ-որ բան պետք է անենք: Իրականում մենք պետք է անենք այն, ինչ-որ պետք է անենք և ինչ ունակ ենք անելու: Պետք է նախ և առաջ հաշվի առնել մեր ռեսուրսները: Եթե դրանք սահմանափակ են, եկեք մեր առջև գերխնդիրներ չդնենք, գոնե այս փուլում: Ինչ վերաբերում է թուրքական կողմից հակադարձելուն, ապա մեր աշխատանքներն արդեն ինքնըստինքյան հակադարձում է հանդիսանում, սակայն գլխավոր խնդիրն այն է, որ մեր բոլոր գործողություններում պետք է նախահարձակ լինենք: Մենք երբեք չպետք է ասենք, որ՝ տեսե՛ք, թուրքերը սա արեցին, գիրք տպեցին, գիտաժողով արեցին, իսկ դրա դիմաց մենք պետք է սա անենք: Միայն ու միայն նախահարձակ գործողություններ բոլոր ճակատներում: Հարյուրամյակի կապակցությամբ լինելու են բազմաձև, բազմաբնույթ լայն աշխարհագրություն ընդգրկող ձեռնարկներ, որոնց աշխարհագրությունն ու ժամանակացույցը, հասկանալի պատճառներով, դեռևս չենք բացահայտում»,- ասաց նա:

 

Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ իրականում թուրքական կողմի մոտ վախ կա՝ կապված հայկական կողմի նախապատրաստվելու հետ, և դա բնական սպասողական վիճակ է թուրքերի համար: Եվ թուրք դեսպաններին Էրդողանի վերջին հանձնարարականները, իրականում արտահայտում են Անկարայի հենց այդ մտահոգությունները: Ավելին՝ թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ թուրքական կողմը երբեմն գաղտնի, երբեմն էլ բացահայտ կերպով փորձում է տեղեկություն կորզել թանգարանի ինստիտուտի գործունեությունից ու պետական հանձնաժողովի մոտակա երկու տարիների ծրագրերից: Հենց այս հանգամանքով է նաև պայմանավորված իրականացվող աշխատանքների մասին զուսպ ու հակիրճ տեղեկատվության տրամադրումը:

 

«Հրավերներ կան Թուրքիա այցելելու համար, համարյա ամեն օր նամակներ եմ ստանում, որոնցից մի մասը ատելության լեզու պարունակող նամակներ են, մյուս մասը՝ ինչ-որ նյութեր տրամադրելու խնդրանքներ են: Անշուշտ կա աճող հետաքրքրություն մեր աշխատանքի հանդեպ, եթե չասեմ ամենօրյա սկզբունքով, ապա շաբաթը գոնե մի քանի անգամ առնչվում ենք դրա հետ: Կասկած չկա, որ դա գնալով ավելի է աճելու»,- ասաց նա: