Երթևեկության կանոնների պահպանման համար հանրապետությունում տեղադրված տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների թիվն այս տարի նախորդ տարիների համեմատ ավելացել է մոտ 600 հազարով: Այս մասին Tert.am-ին ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ դա պայմանավորելով խախտումներ արձանագրող սարքերի ավելացումով. «Որովհետև վարորդները քանի գնում, ավելի կարգապահ են դառնում»:

 

Նշենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակում էր եղել, թե խախտումների տուգանքներից ստացվել է բյուջեի 1%-ի չափով գումար, ինչն Էդուարդ Հովհաննիսյանի հաշվարկներով՝ մի փոքր էլ քիչ է:
«Մեր տվյալներով՝ մոտ 1 մլն 300 հազ. խախտում է գրանցվել արագաչափերի ու տեսախցիկների միջոցով, թե քանիսի տուգանքն են ուշ ստացել, չեմ կարող ասել, բայց դա մոտավորապես 8000 դրամ միջին տուգանքի չափով կկազմի շուրջ 10 մլրդ-ից մի քիչ ավելի գումար: Մոտ 750 հազար խախտում էլ արձանագրվել է ճանապարհային ոստիկանների կողմից, և եթե հաշվենք 6500 դրամով, 4 մլրդ-ից ավել էլ այդ կերպ են գումար հավաքել»,-ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ ճանապարհային ոստիկանությունն իր առջև կանոնավոր երթևեկություն ստեղծելու խնդիր է դրել, բայց դա մեծ «զոհեր» է պահանջում, քանի որ հայ վարորդները խախտումներ անելով են սովորում երթևեկության կանոնները. «Մենք գտնում ենք, որ, այնուամենայնիվ, դա կարելի էր անել ավելի քիչ «զոհերով», քանի որ շատ դժգոհություններ կան»:

 

Ըստ տարածված տեղեկությունների՝ վարորդները նոր հնարք են մտածել տեսախցիկների և արագաչափերի կողմից «նկարվելուց» խուսափելու համար: Մեքենաների համարների վրա սև ժապավեն են փակցնում, ինչի արդյունքում արագաչափ սարքերը և տեսախցիկները չեն ամրագրում մեքենայի պետհամարանիշը:

 

Այդ մասին Էդուարդ Հովհաննիսյանը տեղյակ չէր, և միայն մասնագետների հետ խորհրդակցելուց հետո կարող է ասել՝ դա հավանակա՞ն է, թե՞ ոչ: