ԳԱԼԱ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր երկրի բարձրաստիճան ղեկավարությունը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների շիրիմներին: Զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ բարձաստիճան այլ պաշտոնյաներ: Իսկ մինչ կժամաներ Սերժ Սարգսյանը Եռաբլուրի մուտքի մոտ հավաքվել էին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանին մուտքի մոտ դիմավորեց Սամվել Ալեքսանյանը, որից հետո Ս. Սարգսյանը նրա ուղեկցությամբ մոտեցավ մյուսներին, եւ նրանք ծաղկեպսակ դրեցին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

 

Արարողակարգից հետո բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին արագ հեռանալ Եռաբլուր զինվորական պանթեոնից: Եկեղեցու մուտքի մոտ Սերժ Սարգսյանին փորձեցին մոտենալ մի խումբ քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին, որ զինվորականներին տրվող թոշակները բավականին քիչ են: Ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բարձրացրել են: Զոհված զինծառայողների հարազատները սակայն նշեցին, որ ոչ մի բարձրացում չի եղել: «Սուտ ա ասում, զինվորականինը չեն բարձրացրել»,- արդեն հեռացող Ս. Սարգսյանի հետեւից գոռաց հավաքվածներից մեկը:

 

Քաղաքացիների դժգոհությունները լսել հրաժարվեցին նաեւ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ խորհուրդ տվեց զանգահարել իրենց թեժ գծին:

 

Հարկ ենք համարում նշել, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող անվտանգության աշխատակիցները ամեն կերպ փորձում էին արգելել դժգոհող քաղաքացիներին մոտենալ իրենց ղեկավարներին: