Նյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014թ. նստաշրջանի ընթացքում Հայաստանը 3 տարով' 2014-2016թթ ընտրվել է գործադիր խորհրդի անդամ:

 

Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին և ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:

 

Անդրադառնալով միջնաժամկետ ծրագրերում տեղ գտած առաջնահերթություններն՝ դեսպան Նազարյանը մատնանշեց կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդյունավետ ինստիտուտների և կանանց առաջխաղաղացման հարցերի կարևորությունը, որոնք հանդիսանալու են 2015թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։ Նա կարևորեց նաև հիշյալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին ներգրավելու ուղղությամբ գործադրած ջանքերը:

 

Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝ ՀՀ դեսպանը նշեց, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին որ զարգացման կարիքներին։

 

Տեղեկանք. ՄԱԿ կարևորագույն կառույցներից մեկի՝ ՄԱԶԾ, հիմնական գործառույթներից են Գլխավոր ասամբլեայի կողմից մշակված քաղաքականության իրականցումը, ՄԱԿ-ի հիմնադրամների ու ծրագրերի գործունեության ուսումնասիրումը, անդամ պետություններում իրականացվող ծրագրի հաստատումը, նոր ծրագրային նախաձեռնությունների խրախուսումը և այլն: Բաղկացած է 36 անդամներից: