ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական նպաստների բնագավառի ՀՀ կառավարության լիազորած մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Նույն որոշմամբ հաստատվել են ընտանիքների անապահովության գնահատման, այդ համակարգում հաշվառվելու կարգերը, ՀՀ բնակավայրերի ցանկը' ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների, անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը, ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նշանակման և վճարման, այդ նպատակներով ՀՀ պետբյուջեից միջոցների հատկացման կարգերը և մի շարք այլ դրույթներ, որոնց կիրառմամբ կապահովվի պետական նպաստների համակարգի բնականոն ընթացքը:

 

Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը' ընտանիքում երեխայի ծննդյան, երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն: Այս երկու որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, դրանց գործողությունը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով սահմանվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ազատ կացարաններում ընտանիքները տեղավորելու առաջարկություն ներկայացնելու առաջնահերթությունը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը թույլատրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել երկու արտաբյուջետային հաշիվ: Դրանով իսկ աջակցություն կցուցաբերվի երկրում վարվող Կենսաթոշակային ապահովության ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության իրականացմանը: