Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա և այնտեղ արված հայտարարությունները դեռ քննարկվում են ֆրանսահայ գործիչների կողմից: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

 

Օլանդի այցի մասին իրենց մեկնաբանություններն են արել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ղեկավար Մուրադ Փափազյանի, Թուրքիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահի պատվիրակության անդամ Վարդան Կապրիելյանի, ինչպես նաև «Նոր հառաչ» թերթի խմբագիր Ժիրայր Ցոլակյանի հետ:

 

Ցոլակյանը նշել է, որ Ֆրանսիայի հայերը դրական են ընդունել Օլանդի հանդիպումը Ռաքել Դինքի հետ, ինչը վկայում, որ Ֆրանսիան և առհասարակ Եվրոպան հետևում է Դինքի դատավարության ընթացքին: Ցոլակյանն ընդգծել է Օլանդի' Թուրքիայում Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության հետ կապված իր տեսակետներն արտահայտելու կարևորությունը:

 

Մուրադ Փափազյանի կարծիքով' Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ փորձել է պահել բոլոր կողմերին տրված խոստումները: «Մենք կարող ենք հասկանալ այն, որ կա կարիք զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները: Մյուս կողմից էլ Օլանդը ոչինչ չասաց, որով նա կհրաժարվեր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից»,- ընդգծել է նա:

 

Վարդան Կապրիելյանը համոզմունք է հայտնել, որ այցը հաջողված էր թե’ հայկական, թե’ թուրքական, թե’ ֆրանսիական կողմի համար: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր տեսակետներն Օլանդը բացեիբաց և բարձրաձայն հայտնել է թե’ Անկարայում, թե’ Գալաթասարայի համալսարանում հանդիպումների ժամանակ: