Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետևանքով ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։

 

Հաշվի առնելով ճանապարհահատվածի յուրահատկությունը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N1575-Ն «Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի 30-ը, երբ թույլ են տալիս եղանակային պայմանները,կատարել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների ամենամյա վերանորոգումը։

 

Վերջին օրերի առատ ձնհալի հետևանքով ակտիվացել են սողանքային երևույթները, որոնց պատճառով ճանապարհահատվածում նստվածքն առավել խորացել էր. առաջացել էին փոսեր՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։

 

Որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ, ճանապարհը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից նշված ճանապարհահատվածում իրականացվել են վերանորոգման, մասնավորապես, լցվել է ավազակոպճային խառնուրդ և կատարվել հարթեցման աշխատանքներ:

 

Ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն գարնանը, երբ թույլ կտան եղանակային պայմանները:

 

Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ըստ անհրաժեշտության:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն