Ադրբեջանում գործող ահաբեկչական կազմակերպությունները հանդես են եկել երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին իշխանություններին ուղղված հայտարարություններով:

 

Եթե մի քանի օր առաջ սոցցանցերում նրանց արած սպառնալիքիների թիրախը Ադրբեջանի իշխանությունն էր, ապա փետրվարի 2-ին ադրբեջանցի ահաբեկիչները թիրախ են հայտարարել նաեւ ոստիկաններին: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: Այս մասին հայտնում է jam.az լրատվական կայքը:

 

Ըստ կայքի' Ադրբեջանի ոստիկանների հասցեին նման հայտարարություն է տարածել «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) խմբավորումը: Նրանց կողմից արված առաջին հայտարարության մեջ ասվում է. «Գործողությունը պատրաստ է: Ոստիկանների տները պայթեցվելու են»:

 

Երկրորդ հայտարարության մեջ էլ «Անտառի եղբայրները» նշել են, որ իրենք արդեն Բաքվում են, եւ հայտնել, որ ահաբեկչական կազմակերպությունը «պատրաստ է Ադրբեջանի ոստիկաններին ուղղված ահաբեկչությանը», եւ որ «առաջին հարձակման ժամանակ կսպանվի մինչեւ 100 ոստիկան»:

 

Կայքը գրում է, որ որոշ փորձագետների կարծիքով' այս գործընթացի կազմակերպիչը Ադրբեջանի իշխանություններն են: Նրանց համոզմամբ' Արեւմուտքի հետ լուրջ լարված հարաբերությունների մեջ գտնվող իշխանությունը նման ճանապարհով ուղերձներ է հղում' տպավորություն ստեղծելու համար, որ եթե իշխանությունից հեռացվեն, երկիրը կհայտնվի ահաբեկիչների վերահսկողության տակ: «Չնայած դրան' շարունակաբար ահաբեկչության հետ կապված զգուշացումների աճը բոլորովին էլ լավ հեռանկար չի խոստանում: Նվազագույնն այն պատճառով, որ որպես արդյունք' դա կարող է բերել Ադրբեջանում քաոսային ռեալ իրավիճակի ստեղծմանը»,-գրում է կայքը:

 

Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) եւ «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտատարարելու Ադրբեջանում: