Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները պատրաստ են լսել առաջարկություններ՝ խորհրդարանում գազի գնի ձևավորման խնդիրների ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Մենք բոլորին կոչ ենք անում օգնել մեզ ստեղծել այս հանձնաժողովը, քանի որ բազմաթիվ կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները մենք պետք է ստանանք: Մենք պատրաստ ենք լսել քաղաքական մեծամասնության առաջարկները, պատրաստ ենք փոփոխություններ մտցնել նախագծում, սակայն դրա համար մեզ պետք են ձեր առաջարկները»,- նշեց նա:

 

Արամ Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծեց հանձնաժողով ստեղծելու կարևորությունը՝ նշելով, որ իրենց կողմից բարձրացված հարցերի պատասխանները հնարավոր կլինի ստանալ միայն հանձնաժողովի կազմավորման և գործունեության արդյունքում:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ընդգծեց, որ բոլոր բարձրացված հարցերին հետագայում իրենք կանդրադառնան: «Պարո՛ն Մանուկյան, Դուք երևի լավ հիշում եք երեկվա իմ ելույթը: Մենք ապագայում այդ հարցերին կանդրադառնանք»,- նշեց նա:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները նախագիծ են ներկայացրել ԱԺ քննարկմանը, որով առաջարկում են գազի գնի հետ կապված խնդիրների ուսումնասիրության հանձնաժողով ստեղծել: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ հանձնաժողովի հիմնական խնդիրն է լինելու ուսումնասիրել, թե երբ է կուտակվել գազի գնի դիմաց 300 միլիոն դոլարի պարտքը և որոնք են գազի մեծածախ և մանրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: Ազգային ժողովն ավարտել է հարցի քննարկումը: