Լոնդոնի մետրոյի աշխատակիցները փետրվարի 4-ի երեկոյան գործադուլ են սկսել, որը կշարունակվի 48 ժամ, տեղեկացնում է The Guardian-ը:

 

Գործադուլը կազմակերպել են Լոնդոնի մետրոյի աշխատողների Rail Maritime and transport եւ Transport Salaried Staffs Association արհմիությունները: Դրա պատճառը մետրոյի մի քանի հարյուր աշխատակիցների արձակումն է տոմսարկղների փակումից հետո:

 

Ինչպես գրում է Agence France-Presse-ը, գործադուլի հետեւանքով կփակվեն մետրոյի մի քանի տասնյակ կայարաններ: Մետրոպոլիտենի մի քանի գծեր կփակվեն ամբողջովին, մյուսները կաշխատեն սահմանափակ ռեժիմով: Վնասը փոխհատուցելու համար քաղաքում գործի կդրվեն շուրջ 100 լրացուցիչ ավտոբուսներ:

 

Գործադուլը, ինչպես նշում է The Guardian-ը, համընկել է Մեծ Բրիտանիայում վատ եղանակային պայմանների հետ. առաջիկա օրերին սպասվում է ուժեղ քամի եւ անձրեւներ: Բացի այդ, առկա է սողանքների ու հեղեղումների վտանգ, ինչը սպառնում է դժվարացնել վերգետնյա տրանսպորտի աշխատանքը: Այսպես, եղանակային անբարենպաստ պայմանների կապակցությամբ Network Rail բրիտանական երկաթուղային ընկերությունը երկրի հարավ-արեւելքում գնացքների առավելագույն արագությունը սահմանափակել է ժամում մինչեւ 40 մղոն:

 

Լոնդոնի առեւտրի պալատի գնահատումների համաձայն՝ գործադուլի յուրաքանչյուր օրը կնստի շուրջ 50 մլն ֆունտ: Հիմնական վնասները կկրեն տուրիստական ու առեւտրական կազմակերպությունները:

 

Այն դեպքում, եթե մետրոյի աշխատակիցներին չհաջողվի համաձայնության հասնել ղեկավարության հետ, նրանք պատրաստվում են եւս մեկ երկօրյա գործադուլ անցկացնել հաջորդ շաբաթ:

 

Լոնդոնի մետրոն օրական սպասարկում է շուրջ 3 մլն ուղեւորների: