Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի ապրանքախմբում այս տարվա հունվարին նախորդի հունվարի համեմատ արձանագրվել է 9.2 տոկոս, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ' 0.8 տոկոս գնաճ: Հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի, ձկնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, հրուշակեղենի 0.1-0.3 տոկոս գնաճ, իսկ ձվի և սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

Այդ մասին փետրվարի 5-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Կաթնամթերքի ապրանքախմբում գնաճը հիմնականում պայմանավորվել է «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների' համապատասխանաբար 0.8 տոկոս, 1.6 տոկոս և 1.7 տոկոս գնաճով»,-նշեց Մարտիրոսյանը:

 

Բաժնի պետը տեղեկացրեց, որ այս տարվա հունվարին 2013-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի' 0.6 տոկոս, խտացրած կաթի' 0.6 տոկոս, մածունի' 0.7 տոկոս գնաճ: «Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում կաթնամթերքի գներն աճել են 0.1-3.3 տոկոսով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը»,- հայտնեց ԱՎԾ ներկայացուցիչը՝ հավելելով, որ մայրաքաղաքում կաթնամթերքի գներն աճել են 0.2 տոկոսով:

 

Մսամթերքի ապրանքախմբում հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գրանցվել է 0.7 տոկոս գնաճ, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ' 0.5 տոկոս գնանկում: Այս տարվա հունվարին 2013-ի դեկտեմբերի համեմատ տավարի և խոզի մսերի գները նվազել են համապատասխանաբար 1 տոկոս և 0.3 տոկոսով, հավի բդինը' 0.9: «Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ոչխարի մսի' 0.2 տոկոս գնաճ»,- հայտնեց Մարտիրոսյանը: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.4տոկոսով: