Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական կազմակերպությունների շարքերում շարունակում են զոհվել ադրբեջանցի մոջահեդներ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, մոջահեդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն' Բաշար Ասադի դեմ կռվող զինյալների թվում զոհվել են Ադրբեջան ի ևս երեք քաղաքացիներ: Մահացածների անունները չեն նշվում, սակայն ասվում է, որ նրանցից մեկին անվանել են Ուրֆան:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում Ադրբեջանի քաղաքացի սպանված մոջահեդների թիվը հասել է 14-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:

 

Ժամանակ առ ժամանակ Բաքու են հասցվում մարտերում սպանված ադրբեջանցի մոջահեդների մարմինները: «ԱզերիՊրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի 250-ից ավելի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցիներ:

 

2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսաուղերձով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: Ուշագրավ է, որ Ադրբեջանի օրենսդրությամբ ցանկացած օտարերկրյա զինված ջոկատներում երկրի քաղաքացիների մասնակցությունը, որոնք չեն ենթարկվում Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, հանդիսանում է ծանր քրեական հանցագործություն եւ որակվում որպես վարձկանություն:

 

Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ Ադրբեջանի միջեւ կապերն սկսվել են 1990-ականների սկզբին' ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհաջողություններ կրող եւ կորուստներ տալով հետ շարժվող ադրբեջանական բանակն ու երկրի ղեկավար Հեյդար Ալիեւը, փորձելով փրկել իրավիճակը, ԼՂՀ հայ բնակչության դեմ պատերազմում ներգրավել են միջազգային ահաբեկիչների եւ արմատական խմբավորումների անդամների Աֆղանստանից (Գուլբեդին Հիքմեթյարի խմբավորում), Թուրքիայից («գորշ գայլեր» եւ այլն), Չեչնիայից (Բասաե ւի, Ռադուեւի խմբավորումները եւ այլն), այլ շրջաններից: