Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում, փետրվարի 5-ին կայացել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։ Գործով հայցվորը նշել է, որ ստիպված է եղել լքել իր տունը 1992թ.-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ Դիմումատուն' 1929թ.-ին ծնված Մինաս Սարգսյանը, մահացել է 2009թ.-ին։ Գործով իրավահաջորդներ են ճանաչվել Սարգսյանի որդին և դուստրը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը, հայցվոր կողմը դատարանում ներկայացրել են Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և Վահե Գրիգորյանը։ Ֆիլիպ Լիչը, ներկայացնելով գործը, մասնավորապես, նշել է, որ Սարգսյանը և նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը, ներառ յալ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, և հետագայում հետ վերադառնալու հնարավորություն չեն ունեցել։ Ֆիլիպ Լիչի խոսքով' Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ և այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես ՄԻԵԴ նախադեպային՝ «Իլասկուն ընդդեմ Մոլդովայի» գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։

 

Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։

 

Դիմումատուն հիմք է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն), 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում) և հոդված 13-ը (արդյունավետ պաշտպանության իրավունք)։

 

Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, այն է' անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում, 8-րդ և 9-րդ հոդվածների վրա՝ կրոնի ազատություն, Սարգսյանները բողոք են ներկայացրել նաեւ Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ դրսևորած վանդալի զմի և ոչնչացման վերաբերյալ։

 

Սագսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ նաև Գյուլիստաում գտնվող հայցվորների ազգականների գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝ գերեզմանները ավիրվել և վանդալիզմի են ենթարկվել։

 

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ հայցվոր կողմի, խախտվել է նաև կոնվենցիայի 14-րդ հոդվածը, այն է' խտրականության արգելում։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ և Արբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝ նրանց սեփականությունը անօրինական զբաղեցնելու համար, ինչպես նաև հայկական գերեզմանների ոչնչացման համար։

 

Հայցվորները պահանջում են՝ հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան և ստանալ համապատասխան փոխհատուցում։

 

ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ըննդեմ Ադրբեջանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը անդրադարձել է կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել հայցվորների իրավունքների խախտում։ Գյուլիստանը, որտեղ ապրել են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ներկայացուցչի պնդմամբ, հայկական եկեղեցիները և գերեզմանները վանդալիզմի են ենթարկվում և պատասխանող կողմն այս առումով որևÕ § հակափաստարկ չի ներկայացրել։

 

Գևորգ Կոստանյանը դատարանին առաջարկել է իրականացնել հետազոտական առաքելություն, որը կօգնի նրան գործով որոշում կայացնելու համար։

 

Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև'որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։

 

ՄԻԵԴ-ում գործով պատասխանող կողմ հանդիասցող Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները նշել են, թե Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում և տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը։

 

Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը ՄԻԵԴ է բերվել է 2006թ.-ի օգոստոսի 11-ին։