ՀՀ կառավարությունն էլեկտրոնային հաշվետվության համակարգում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը' ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան: «Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը երեք տարիների ընթացքում մշակված համակարգ է: Փորձը ցույց է տվել, որ դրանում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է առնվազն երեք ամիս: Ծրագրային ապահովման մեջ տեխնիկական բնութագրերը պետք է մշակվեն նույն հանգամանալի ձևով, ինչպես դրանք արվել են ժամանակին: Այնպես չէ, որ այսօր որոշեցինք, վաղը կարող են փոփոխություն իրականացնել: Ավելին' դրա անհրաժեշտությունը չկա էլ»,-  նշեց Արտեմ Ասատրյանը:

 

Արծվիկ Մինասյանը հարց էր բարձրացրել կուտակային կենսաթոշակների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ: «Հունվարի 24-ին կայացված վճռով' դիմումի ապահովման միջոցով հնարավորություն է ընձեռվել գործատուներին ու աշխատողներին չկատարելու կենսաթոշակային վճարներ: Սակայն Կառավարության համապատասխան որոշմամբ, Պետեկամուտների կոմիտեի հրահանգով և ֆինանսների նախարարության համաձայնությամբ հաստատված եկամտային հարկի հաշվետվության մեջ նման հնարավորություն ընձեռված չէ գործատուներին և աշխատողներին: Կառավարությունը մտադի՞ր է շտապ կարգով վերանայել այդ հրահանգը, կամ կառավարության համապատասպան որոշմամբ փոփոխությունների ենթարկել համապատասխան ծրագրային մոդուլը»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը'առաջարկելով էլեկտրոնային համակարգում կատարել փոփոխություն:

 

«Տասը տարվա ընթացքում մշակված օրենքի մասին, որը կարևորագույն նշանակությունն ունի մեր երկրի զարգացման գործում, չի կարելի այսպես թեթևությամբ խոսել: Ասել, որ հունվարի 24-ին կայացված որոշման պատճառով պետք է փոխել համակարգեր, որոնք մշակվել են երեք տարվա ընթացքում, միամտություն է»,- պատասխանեց Արտեմ Ասատրյանը:

 

ՀՀ ԱԺ չորս խմբակցություններ' ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, դեկտեմբերի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան' վիճարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը: Օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը ուժի մեջ է մտել 2014թ.-ի հունվարի 1-ից: Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել է օրենքի որոշ հոդվածներ, որոնք պատասխանատվություն են սահմանում: Օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին: