Երեւան քաղաքի վերգետնյա անցումների թիվն այս տարի կավելանա եւս 7-ով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

 

Նրա խոսքով, շուրջ 900 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ 2011-2013 թվականներին Երեւան քաղաքում կառուցվել է 11 վերգետնյա անցում: Լրագրողի այն դիտարկմանը, թե այս տարի արդյոք հաշվի առնվելու են բնակիչներից նախորդ տարի ստացված բողոքները' կապված վերգետնյա անցումների հետ, Օհանյանն ասաց, որ 2014 թվականին ամեն ինչ արվելու է վերգետնյա անցումները բազմաբնակարան շենքերից եւ վտանգավոր փողոցներից հեռու կառուցելու համար: «Մենք նախորդ տարի ունեցանք մեզ համար ոչ հաճելի միջադեպ' Բագրատունյաց պողոտայում կառուցված վերգետնյա անցումի հետ կապված: Մենք ուղղակի անցումն այլ տեղ կառուցելու այլընտրանք չունեինք»,- ասաց նա:

 

Օհանյանը նշեց, որ 2014 թվականին կգործարկվեն նաեւ մայրաքաղաքի կանգառասրահներին կից եւս 30 չվացուցակներ, որոնք միտված են երթուղիները կարգավորելուն եւ համաքաղաքացիներին երթուղիների ժամանման մասին տեղյակ պահելուն: «2014 թվականին շարունակելու ենք նաեւ հեծանվականգառների կառուցման գործընթացը: 2013 թվականի դրությամբ մայրաքաղաքում արդեն ունենք 16 հեծանվականգառներ»,- ասաց նա:

 

Անդրադառնալով գովազդային վահանակներին' քաղաքապետի տեղակալը նշեց, որ այս տարի եւս շարունակվելու են հին գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները: «Ապամոնտաժված վահանակներն ուղղակի չէին համապատասխանում գովազդի մասին օրենքին: 2013 թվականին մենք այդպիսի 3000 գովազդային վահանակ ենք ապամոնտաժել»,- հավելեց Օհանյանը: