Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Ինչպես  տեղեկացրին ՍՔԾ գործակալությունից, երկրաշարժերից 2-ը՝ 3 բալ ուժգնությամբ, տեղի են ունեցել Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Նույն ուժգնությամբ երեք սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրանում. հունվարի 31-ին Ահարա քաղաքից 31 կմ դեպի հարավ-արևմուտք, փետրվարի 3-ին Խոյ քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք և փետրվարի 4-ին Թավրիզ քաղաքից 30 կմ դեպի արևելք: Փետրվարի 3-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Փետրվարի 5-ին նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք:

 

Նույն ժամանակահատվածում տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Փետրվարի 1-ին Ատլանտյան օվկիանոսի հարավում՝ Հարավային Սենդվիչյան կղզիների մոտ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը եղել է 6.1 մագնիտուդ: Նույն ուժով երկրաշարժ է գրանցվել փետրվարի 3-ին Բանդա ծովում՝ Ինդոնեզիայի Հարավային Թիմոր շրջանում: Փետրվարի 2-ին 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Կերմադեկ կղզիների (Նոր Զելանդիա) հարավ-արևելյան տարածքում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

Այս շաբաթ դարձյալ ուժեղ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հունաստանում, որտեղ պահպանվում է արտակարգ դրությունը: Փետրվարի 3-ին տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Կեթալոնիա կղզու արևմտյան ափամերձ գոտում: Երկրաշարժի հետևանքով տուժել է Լիկսուրի քաղաքը, կա 10 վիրավոր, ովքեր մարմնական վնասվածքները ստացել են թափվող առարկաներից, այդ թվում՝ ապակիներից, մասամբ քանդվել են տասնյակ տներ, ընդհատվել է էլեկտրա- և ջրամատակարարումը: Հունաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում գրանցված երկրաշարժերը գտնվում էին ոչ հեռու 1953թ. օգոստոսի 9-ից 12-ը, համապատասխանաբար 6.4, 6.8 և օգոստոսի 11-ին' 7.2 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժերից, որոնք պատճառ էին դարձել 455 մարդկային զոհի: Հույն սեյսմոլոգները չեն բացառում, որ 1953թ. երկրաշարժերի սցենարը կարող է կրկնվել և առաջիկա օրերին տեղի կունենա նոր ուժեղ երկրաշարժ: Երկրաբաններն այլ կարծիքի են և գտնում են, որ 1953թ-ի և մերօրյա երկրաշարժերը տարբեր խզվածքների հետ են կապված: Բոլոր դեպքերում, բնակիչները չեն շտապում վերադառնալ իրենց տները, և պաշտոնապես չի հայտարարվել, որ տեղի ունեցած իրադարձությունները գլխավոր ցնցումներն են: Սեյսմիկ ակտիվությունն այս տարածքում դեռ կպահպանվի: