Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից պետք է դառնա Վրաստանի հետ տնտեսական և քաղաքական ոլորտներում ակտիվ աշխատանքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը' նկատի ունենալով Վրաստանի վարչապետի' վերջերս արած հայտարությունը, որ Վրաստանը մինչև օգոստոս պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: «Տարածաշրջանային որոշ զարգ ացումներ մեզ համար հետաքրքիր են, հատկապես Վրաստանում տեղի ունեցող գործընթացները: Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումը մի կողմից' ստեղծում է նոր հնարավորություններ, քանի որ կունենանք մի իրավիճակ, երբ եվրոպական տնտեսական և քաղաքական դաշտը փաստացի սահմանակից կլինի Հայաստանին, մյուս կողմից' եթե մենք չգտնենք տեխնիկական լուծումներ վրացական կողմի հետ, դա կարող է բարդություններ առաջացնել թե քաղաքական, թե տնտեսական դաշտում»,-ասաց Սերգեյ Մինասյանը:

 

Նրա խոսքով' Վրաստանի հետ յուրաքանչյուր տնտեսական ֆորմատ ոչ միայն Հայաստան-Վրաստան երկկողմ ձևաչափ է լինելու, այլև շատ բան կախված է լինելու Բրյուսելից: «Այն ձևով, որ Հայաստանը իր տնտեսական որոշումների մի մասը փոխանցելու է Եվրասիական մարմիններին, այդպես էլ Վրաստանը, եթե իրագործի ասոցացման համաձայնագիրը, միայնակ ի վիճակի չի լինելու որոշ տնտեսաքաղաքական հարցեր քննարկել»,-նկատեց Սերգեյ Մինասյանը:

 

Քաղաքագետի դիտարկմամբ' նույնիսկ եթե դժվարանան Ռուսաստանի, Մաքսային միության և Եվրամիության հարաբերությունները, Բրյուսելում հասկանում են, որ արդյունավետ չի լինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների նմանատիպ իրավիճակը: «Եվրամիությունը շահագրգիռ է, որ Հայաստանը ներգրավված լինի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դաշտում, այդ առումով միգուցե Հայաստանի դեպքում որոշ լուծումներ գտնվեն, ավելի արտոնյալ պայմաններ ստեղծվեն: Եթե տնտեսական և կոմունիկացիոն դաշտում այդքան էլ խիստ սահմանափակումներ չլինեն, ինչպես ՄՄ-ի և Ռուսաստանի հանդեպ է, ապա Եվրամիությունն ավելի մեծ լծակներ կունենա նաև Հայաստանում»,-նշեց Սերգեյ Մինասյանը' հավելելով, որ գլխավոր խնդիրն այն է, թե մենք ինչ արդյունավետությամբ Վրաստանի ու ԵՄ-ի հետ բանակացային գործընթաց կվարենք:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը, որի իրականացման միջոցառումների ծրագիրը հունվարին հաստատել է ՀՀ կառավարությունը: