Հայաստանն ավիացիայի ոլորտում ընտրել է լրիվ ազատականացման քաղաքականություն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: «Դա ենթադրում է ազատականացում հետևյալ երեք ուղղություններով՝ ՀՀ-ից թռիչքների իրականացում ցանկացած քանակի ավիաընկերությունների միջոցով, ցանկացած հաճախականությամբ և տվյալ երկրի ցանկացած քաղաք»,- «Արմենպ րես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Այդ արտոնություններն, ըստ Արտյոմ Մովսեսյանի, ավիաընկերություններին հնարավորություն են ընձեռում ավելի մեծ մրցակցային դաշտում աշխատել, ինչը բերում է որակի բարձրացման, ինչպես նաև գների նվազման:

 

Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ Հայաստանի որդեգրած «բաց երկնքի» քաղաքականությունն առայժմ շոշափելի արդյունքներ չի տվել: «Կան երկրներ, որտեղ «բաց երկնքի» քաղաքականությունն արդարացված է եղել, կան երկրներ, որտեղ դա լարվածություն է ստեղծել: Պայքարը մեծ է լինում, և Հայաստանի դեպքում ավելի մեծ բյուջեով ընկերությունների հետ պայքար է տարվում' սա է հիմնական ռիսկը: Արդյունքներն արագ չեն կարող լինել, որովհետև յուրաքանչյուր ավիաընկերություն, որը կառուցում է իր բիզնես ծրագրերը, առնվազն երկու տարվա կտրվածքով է ա անում»,- ասաց Մովսեսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ավիաընկերություն այսօր իր ծրագրերը կառուցում է 2016 թվականի համար, ինչը բավական աշխատատար ու ֆինանսական ռեսուրսներ պահանջող աշխատանք է, հետևաբար, այս տարի մեծ արդյունքներ ակնկալել հնարավոր չէ:

 

Որպես հաջողություն' Մովսեսյանն առանձնացրեց այն, որ դեպի Մոսկվա չվերթների տոմսերի գները նվազել են, այսօր արդեն մեկ ուղղությամբ 85 եվրո արժողությամբ տոմսեր կան: Եվրոպական ուղղությամբ գներիը բարձրացել են, որովհետև այդ ուղղություններով շուկա ընկերությունների մուտքը չի ավելացել:

 

Մովսեսյանը համաձայն չէ այն տեղեկատվության հետ, թե հարևան Վրաստանում տոմսերի գներն ավելի ցածր են, քան Հայաստանում: Նրա խոսքով՝ դեպի Մոսկվա թռիչքների գները Վրաստանում ավելի թանկ են, քան Հայաստանում, Իսկ դեպի Եվրոպա Վրաստանից ճանապարհն ավելի կարճ է, քան Հայաստանից:

 

Հայաստանի կառավարությունը սկսել է «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու գործընթացը, որը լուրջ փոփոխություն է երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ: Նախատեսվում է, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնվազեն ավիափոխադրումների գները: Ակնկալվում է, որ տոմսերի միջին գները կնվազեն մոտ 10 տոկոսով, ընդ որում, որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում' պայմանավորված ավելացած մրցակցությամբ, տարեկան կապահովվի 20-25 տոկոսի ուղևորափոխադրումների աճ: