Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանին կոչ է արել հանուն խաղաղության դադարեցնել հարձակումները և ռազմատենչ սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես հաղորդում է The Guardian թերթը, բարոնուհուն զայրացրել էր Ադրբեջանի դեսպան Ֆախրադդին Գուրբանովի պատասխանը Արցախ այցելած լուսանկարիչ-լրագրող Անաստասիա Թայլոր-Լինդին, որով դեսպանը լրագրողին առաջարկել է ընդլայնել իր մտահորիզոնը' խոսելով նաև տեղահանված ադրբեջանցիների մասին:

 

«Ինձ խորապես մտահոգել է Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Ֆախրադդին Գուրբանովի պատասխանը լուսանկարիչ Անաստասիա Թայլոր-Լինդին, ով հոդված և լուսանկար էր հրապարակել Հայաստանի պատմական տարածք Լեռնային Ղարաբաղում կայացած հարսանիքի մասին: Լեռնային Ղարաբաղ ես այցելել եմ 80 անգամ, որոնց մեծ մասը' 1991 -1994 թ վականների դաժան պատերազմի ընթացքում, և ականատես եմ եղել հայերի էթնիկ զտումների ադրբեջանական փորձերին, թե ինչպես էր Ադրբեջանն օրական 400 «գրադ» հրթիռներ կրակում մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիների վրա, ինչպես նաև տեսել Մարաղա գյուղի բնակիչների 1992 թվականի սպանդը:

 

Ես տեսել եմ ծխացող տներ, մարդկանց աղավաղված դիեր, այրված աճյունների մնացորդներ և շոկի մեջ հայտնված փրկվածների: Մոտակա հիվանդանոցում ծանոթացել եմ գլխավոր բուժքրոջ հետ, ով կորցրել էր ընտանիքի 14 անդամներին, այդ թվում' իր որդուն, ում գլուխը սղոցել էին: Ինչպես պարոն Գուրբանովն է տիկին Թայլոր Լինդին առաջարկել ընդլայնել իր մտահորիզոնը' խոսելով նաև տեղահանված ադրբեջանցիների մասին, այնպես էլ ես եմ նրան առաջարկում զրուցել Մարաղայի փրկվածների հետ:

 

Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան վերածվել է պարբերական տնտեսական և ռազմատենչ սպառնալիքների միջոցով հակառակորդին թուլացնելու քաղաքականության' ռազմական գործողություններով սպառնացող ագրեսիվ քարոզչությամբ: Դա երկարաձգում է հակամարտության արդյունքում տեղահանված հայ և ադրբեջանցի մարդկանց տառապանքները, որոնցից շատերը գտնվում են բանտերում կամ աղքատության մեջ:

 

Եթե Ադրբեջանի կառավարությունը դադարեցնի նոր ռազմական գործողությունների սպառնալիքները, սատարի հրադադարի խարխուլ ռեժիմը և վստահության կառուցման միջոցառումներ ձեռնարկի, այդ դեպքում միայն խաղաղության հաստատման հնարավորություններ կստեղծվեն, ներառյալ' տեղահանված մարդկանց վերադարձի համար, խնդիր, որին դեսպանը այդքան ուժգնորեն հավակնում է»,- նշել է բարոնուհի Քոքսը:

 

The Guardian-ը օրերս հրապարակել էր բրիտանացի լուսանկարիչ-լրագրող Անաստասիա Թայլոր-Լինդի հարցազրույցը, որում վերջինս պատմել էր Արցախում հայկական հարսանիքի մասնակցելու մասին: Դրանից հետո Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե Թայլոր-Լինդը պետք է այցելի Ադրբեջան' տեսնելու տեղահանված մարդկանց վիճակը' միաժամանակ սպառնալով, որ եթե լրագրողը «Լեռնային Ղարաբաղի վիզա ունի իր անձնագրում, նրան կարգելեն այցելել Ադրբեջան»: