Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի, Սեւանի, Մարտունու, Գավառի եւ Ճամբարակի զինվորական կոմիսարների եւ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը նվիրված էր 2013-2014 թվականների ձմեռային զորակոչի արդյունքներին եւ առաջիկա անելիքներին: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

Զինվորական կոմիսարները զեկուցեցին 2013-2014 թվականների ձմեռային զորակոչի արդյունքների, բժշկափորձագիտական հանձնաժողովների կատարած աշխատանքների, զինվորական ծառայությունից խուսափող անձանց հայտնաբերելու եւ զորակոչելու, այլընտրանքային զինծառայության մեջ ընդգրկվածների քանակի, կցագրման աշխատանքների, այլ հարցերի շուրջ:

 

Զեկուցումից պարզվեց, որ մարզի բոլոր 5 զինկոմիսարիատները գերակատարել են իրենց առաջադրանքները: 11 զորակոչիկ ավելի է զորակոչվել Վարդենիսի, 17 զորակոչիկ' Սեւանի, 9 զորակոչիկ' Մարտունու, 6 զորակոչիկ' Ճամբարակի եւ 5 զորակոչիկ' Գավառի զինվորական կոմիսարիատներում: Գերակատարումները հաջողվել է ապահովել նախկինում տարկետում ստացած, բուժման կամ հետախուզման մեջ գտնվող անձանց օրենքով սահմանված կարգով զորակոչելու շնորհիվ:

 

Այլընտրանքային զինվորական ծառայության մեջ Մարտունու զինկոմիսարիատում ընդգրկվել է 1, Վարդենիսի զինկոմիսարիատում' 2 զորակոչիկ:

 

Բոլոր զինկոմիսարիատներում միջոցներ են ձեռնարկվում զինվորական ծառայությունից խուսափողներին հայտնաբերելու եւ զորակոչելու ուղղությամբ:

 

Ամփոփելով նիստի աշխատանքները' մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ձմեռային զորակոչը համարեց արդյունավետ, դրվատեց զինկոմիսարիատների եւ զորակոչային հանձնաժողովի աշխատանքը: Մարզպետը հանձնարարեց ավելի բարձրացնել բժշկափորձագիտական հանձնաժողովների պատասխանատվությունը եւ արդյունավետությունը, կցագրման աշխատանքները կազմակերպել առանց թերացումների եւ բացթողումների, համագործակցված աշխատանք տանել իրավապահ եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: