Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կրկին դատապարտել է Թուրքիային' խոսքի ազատության ճնշումների համար: Փետրվարի 7-ին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսումը: «Քննադատական գրառումների համար լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսումը ևս մեկ հետքայլ է Թուրքիայում մամուլի ազատության ծանր վիճակի « համար»- ասել է Միյատովիչը:

 

Թուրքական Today's Zaman թերթի ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովն արտաքսվել էր թվիրթերյան գրառումներ կատարելու համար: Լրատվամիջոցների համաձայն' իր գրառումներում Զեյնալովը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը մեղադրում է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշումով փետրվարի 4-ին արգելվել է ադրբեջանցի լրագրողի մուտքն այդ երկիր:

 

Թուրքիայի վարչապետի ադմինիստրացիան Զեյնալովին մեղադրել էր դեկտեմբերի վերջին թվիթերում կեղծ հայտարարություններ անելու, ատելություն և թշնամություն տարածելու մեջ: «Խոսքի ազատությունը չի սահմանափակվում միայն իշխանության կողմից պատշաճ համարվող հաշվետվություններով և այդ իրավունքի սահմանափակումն ավելի կխստացնի լրատվամիջոցների վերահսկողությունը Թուրքիայում»,- նշել է Միյատովիչը: Հայտարարության մեջ ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է արել անմիջապես ազատել նրան բոլոր մեղադրանքներից: