Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Գևորգ Հարությունյանի նկատմամբ՝ հայցադիմումի մեջ սեռական բնույթի հայհոյանք օգտագործելու համար։

 

Փետրվարի 6-ին Lurer.com-ը հրապարակել է հոդված' «Սկանդալ հայկական դատաիրավական համակարգում. փաստաբանը դատավորին փորձել է պարտավորեցնել հայհոյանքով (ֆոտո 16+)» վերտառությամբ:

 

Փաստաբանների պալատի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն' այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, դիմելով ՀՀ փաստաբանների պալատին, տեղեկացրել է, որ 2014թ. հունվարի 21-ին դատարան է մուտքագրվել Էդուարդ, Աննա, Կարինե Սահակյանների լիազորված անձ՝ Գևորգ Սամվելի Հարությունյանի հայցադիմումը։ Հայցադիմումի չորրորդ էջում օգտագործվել է սեռական բնույթի հայհոյանք, իսկ հայցադիմումը ստորագրված է «Գ.Հարությունյանի» կողմից։

 

Հիմք ընդունելով լրատվական կայքի տեղեկատվությունը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը որոշում է կայացրել կարգապահական վարույթ հարուցել փաստաբան Գևորգ Սամվելի Հարությունյանի (արտոնագիր N1457) նկատմամբ հետևյալ պատճառաբանությամբ.

 

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար:

 

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը:

 

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4 որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի (այսուհետ' Կանոնագիրք) համաձայն՝

 

2.2.1 Վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են գործել միայն այն դեպքում, եթե փաստաբանի հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը կասկածի տակ չեն առնվում։ Փաստաբանի համար այս ավանդական արժեքները մասնագիտական պարտավորություններ են։

 

2.2.2 Փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):

 

2.2.3 Մասնագիտական, հասարակական, հրապարակախոսականև այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

 

4.1. Փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել դատավորին և դատավարության մյուս մասնակիցներին։ Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի' դատավորի կամ արբիտրի գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ ճշգրիտ հարգանք և համակրանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ' հաշվի չառնելով իր անձնական շահերը կամ ցանկացած հետևանքները, որոնք կպատահեն իր կամ ցանկացած այլ անձի հետ։

 

ՓՊ-ն միաժամանակ պարզաբանել է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում' Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ։

 

Մեր կողմից հավելենք, որ շարունակելու ենք նույն հոդվածում մատնանշված մեկ այլ դեպքի և մեր տրամադրության տակ հայտնված բազմաթիվ այլ փաստերի հրապարակումը՝ ակնկալելով Փաստաբանների պալատի նմանատիպ օպերատիվ արձագանքը: