Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Անդրադառնալով ծառայության գործունեության մեջ դեռևս առկա թերություններին ու բացթողումներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրել է, որ ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա և ընդգրկուն շփու մ ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ոստիկանության պետը դժգոհություն է հայտնել, որ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել: Գասպարյանը հավաստիացրել է, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար: Վլադիմիր Գասպարյանը փաստել է, որ ոստիկանության անձնակազմի գերակշիռ մասն ընկալել է նորացման գործընթացն անշրջելի դարձնելու սկզբունքը, սակայն կան նորին ընդդիմացողներ, ում վարքը հասարակական կարծիք է ստեղծում, կան մարտնչող տգիտության դրսևորումներ, վերջապես՝ կան անտարբերներ, որոնք իրենց կողքին հանդուրժում են խորթ ու մերժելի երևույթները: Ճանապարհային ոստիկանության գործունեությունն արագ և անշրջելիորեն բարեփոխելու համար Վլադիմիր Գասպարյանը ծառայության ու ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է առավել հետևողական աշխատանք ենթակաների հետ՝ անհատական պատասխանատվության սկզբունքով: Գասպարյանը ծառայության պատասխանատուներին հրահանգել է սկսել մայրաքաղաքում փուլ առ փուլ պարեկային ծառայության անցնելու ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է բազմագործառույթ, բարձր պատրաստականությամբ, օտար լեզուների իմացությամբ անձնակազմերի պարեկում՝ ճանա պարհային ոստիկանության ծառայությանը զուգահեռ, ինչը թույլ կտա, նաև հասարակական կարծիքը հաշվի առնելով, ընտրել մոդելներից լավագույնը: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գործող հանձնաժողովներում պարտադիր ներգրավել ոլորտի մասնագետներին և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: