Ամերիկյան հայտնի Forbes ամսագրի վարկածով երկրորդ անգամ աշխարհի ամենաազդեցիկ կին հռչակված Անգելա Մերկելն իրականում ապրում է համեստ պայմաններում, հրաժարվում թանկ հագուստներից, իսկ արձակուրդներն անցկացնում է իր ամառանոցում:

 

Ամերիկյան The New York Times հանդեսը հրապարակել է կանցլերի կյանքի եւ ապրելակերպի մասին մի քանի ուշագրավ փաստեր: Մերկելը բնակվում է սովորական բեռլինյան բազմաբնակարան շենքի 4-րդ հարկում: Ի տարբերություն նախորդ կանցլեր Գերհարդ Շրոյդերի, Մերկելն ու ամուսինը' պրոֆեսոր Յոահիմ Զաուերը, հրաժարվել են պետական պաշտոնյային հատկացվող առանձնատնից' նախընտրելով փոքրիկ, բայց հարմարավետ բնակարանը:

 

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելը տարեկան վաստակում է 190 հազար եվրո, եւս 100 հազար եվրո վաստակում է պատգամավորական գործունեության համար: Բացի այդ, նրան հատկացված են հավելյալ եկամուտներ ծառայողական ծախսերի համար: Մերկելը բարեխիղճ հարկատու է, սակայն բոլոր պաշտոնյաների պես նա էլ չի վճարում կենսաթոշակի եւ գործազրկության ապահովագրությունը:

 

Մերկելը խոստովանել է, որ նախընտրում է հանգիստն անցկացնել սարերում կամ էլ Բեռլինի մոտակայքում գտնվող իր ամառանոցում: Աշխարհի ամենաազդեցիկ կինը խոստովանել է, որ բրենդային խանութներից չի օգտվում, խանութներ հաճախելու սիրահար չէ, հիմնականում դիմում է դերձակի օգնությանն ու իր պահարանի պարունակության համար վճարում սեփական գրպանից:

 

Թեպետ բազմաթիվ նախարարներ ու վարչապետեր նախընտրում են զրահապատ լիմուզին կամ BMW, Մերկելը նախապատվություն է տալիս Audi A8-ին. նրա տրամադրության տակ է նաեւ երկու ինքնաթիռ' պաշտոնական այցեր կատարելու համար:

 

Ի տարբերություն Եվրոպայի իր կոլեգաների' Մերկելը չունի ո’չ նավ, ո’չ շքեղ ամրոցներ: Նա հայտարարել է, որ ապրում է աշխատավարձով եւ չի կարող այդ աշխատավարձով իրեն թույլ տալ նման շքեղություն: