Իսրայելի բանակի պաշտոնական կայքում «Mossad» հետախուզական ծառայության եւ մի շարք արաբական ու մահմեդական երկրների անվտանգության, հետախուզական եւ ռազմական համագործակցության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվել: «Mossad»-ի հետ համագործակցող երկրների մեջ նշված են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Աֆղանստանը եւ Ադրբեջանը:

 

Այս մասին հայտնում է թուրքական «Դունյա բուլթենի» լրատվական կայքը:

 

Ըստ կայքի` Իսրայելն Ադրբեջանին եւ Աֆղանստանին զենքեր է վաճառել Պակիստանի միջոցով: Բացի ռազմական մատակարարումներից, այդ երկրների միջեւ աշխատանքներ են տարվում նաեւ ռազմավարական անվտանգության շուրջ: Որպես օրինակ' դրա հետ կապված ուշադրություն է առանձնացվել Իրանի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար Ադրբեջանի հետ ունեցած կապերից օգտվելու փաստին:

 

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ նշում է, որ «Իսրայելի հետ Իրանի եւ Թուրքիայի հարաբերությունների լարված լինելու պատճառով նման տեղեկության հրապարակումը կարող է վնաս պատճառել Իրանի եւ Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերություններին: Ներկա դրությամբ հրապարակված տեղեկությունը կապված է անմիջապես Իրանի հետ: Ժամանակ առաջ եւս նման լուրեր հրապարակվել էին, եւ իրանական կողմը խիստ բողոք էր հայտնել», -հիշեցնում է թերթը: