Հոմսից փետրվարի 9-ին տարհանվել են 611 քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և մեծահասակներ են: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հոմսի քաղաքապետ Տալալ ալ Բարրազին՝ ավելացնելով, որ նրանց դիմավորել են Կարմիր մահիկի կազմակերպության և ՄԱԿ-ի աշխատակիցները և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

 

Քաղաքապետը պարզաբանել է, որ Հոմսից դուրս են բերվել 16-54 տարեկան անձինք' ավելացնելով, որ քաղաքի հին թաղամասերի բնակիչներին մարդասիրական օգնություն է տրամադրվել: Նա նաև տեղեկացրել է, որ հնարավոր է 3 օրով երկարաձգեն կրակը դադարեցնելու համաձայնությունը բոլոր ցանկացողներին հին թաղամասերից հանելու նպատակով՝ հաստատելով, որ կառավարությունը ջանքեր է գործադրում վտանգավոր վայրերից հեռացնելու բնակիչներին:

 

Ավելի վաղ Հոմսի բնակիչներին 190 օգնության փաթեթներ էին տրամադրվել, սակայն այդ ժամանակ ապստամբները կրակ էին բացել Կարմիր մահիկի և ՄԱԿ-ի աշխատակիցների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չեն գրանցվել:

 

Արդեն մի քանի օր է, ինչ հակամարտող կողմերը համաձայնության են եկել Հոմսում կրակը դադարեցնելու շուրջ, որպեսզի հնարավոր լինի ցանկացողներին դուրս հանել քաղաքի վտանգավոր թաղամասերից և մարդասիրական օգնություն տրամադրել: Ավելի վաղ Հոմսից դուրս էին հանվել 130 քաղաքացիներ: