Ոստիկանությունը բացահայտել է հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանված 42-ամյա Արթուր Սաֆարյանի՝ քրեական հեղինակություն Թևոսի եղբոր սպանությունը: Քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը:

 

Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:

 

Հիշեցնենք, որ սպանության գործով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնվել էր Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին:

 

Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը և Տիգրան Ասատրյանը, ում հայտնաբերել չէր հաջողվել:

 

Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

 

Ոստիկանության հաղորդմամբ՝ Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը:

 

Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել և առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ և ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաև Մովսես Ներսիսյանի բնակության վայրում:

 

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի փոխնախագահն է, որտեղից՝ վերջինս կաբինետից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք:

 

Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է այլ դրվագներով: